Հայոց իրականության մեջ իրականում շատ են անհատներ, ովքեր ճակատագրի հեգնանքով, պատմական հանգամանքների պատճառով մոռացվել կամ ուղղակի անտեսվել են: Երևանաբանակ շատ համաքաղաքացիներ հավանաբար չգիտեն (հատկապես երիտասարդները), թե իրականում ում արձանն է կանգնեցված Գարեգին Նժդեհի հրապարակում, կամ ինչպես հայտնի է հին էրևանցիներին` Սպանդարյան հրապարակում` Երրորդ մասում:
Ի վերջո ո՞վ է Սուրեն Սպանդարյանը:
Հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ Սուրեն Սպանդարյանը ծնվել է Թիֆլիսում 1882թ. դեկտեմբերի 3-ին։ Հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, թատերագիր, նարոդնիկ Սպանդար Սպանդարյանի որդին է: Սպանդար Սպանդարյանը «Նոր դար» թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն էր: Սպանդարն իր կրթությունն ստացել է Լայպցիգում, նա համարվում էր 19-րդ դարավերջի Թիֆլիսի յուրահատուկ կոլորիտային ներկայացուցիչներից մեկն էր:
Սուրեն Սպանդարյանն ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902թ.)։ Այնուհետև սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-1903թթ.), ապա` իրավաբանական ֆակուլտետները, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին։ Ազատ տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, թուրքերեն, գերմաներեն և այլ լեզուների։
1905-1907 թվականների բուժուա-դեմոկրատական հեղափոխության տարիներին Հայաստանի աշխատավորության պայքարը գլխավորելու ասպարեզում հզոր ուժ էր ներկայցնում մամուլը, ինչպես նաև հեղափոխական կոչերն ու թռուցիկները։ Ստեփան Շահումյանի, Ալյոշա Ջափարիձեի, Սուրեն Սպանդարյանի, Սերգեյ Օրջոնիկիձեի, Սարգիս Կասյանի և հեղափոխական այլ գործիչների ջանքերով հիմք է դրվում Անդրկովկասի բոլշևիկյան մամուլին, որի էջերում արտացոլվում են հեղափոխական շարժումները։ Ս. Սպանդարյանը 1906թ.-ի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։ Ստեփան Շահումյանի և Սարգիս Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել բազմաթիվ հոդվածներ։
1907թ.-ի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու: Ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ 1910թ.-ի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին։
1912թ. վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել է ընդհատակյա տպարան։ 1912թ.-ի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում։ Այնուհետև 1913թ.-ի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի Սիբիր, սակայն շարունակել է հեղափոխական գործունեությունը: Հենց աքսորավայրում` Կրասնոյարսկում, 1916 թվականի սեպտեմբերի 11-ին Սպանդարյանը մահացել է։
Սուրեն Սպանդարյանի գործունեությունը մեծ ազդեցություն է ունեցել հայ մարքսիստական-էսթեթիկական մտքի զարգացման վրա:
Ցանկացած հայորդի, ով փոքրիշատե ավանդ ունի հայ իրականության, հասարակական-քաղաքական և ընդհանրապես պատմությունը հիշատակել է նրա մասին, արժանի է հարգանքի ու հիշատակի:
Արմեն Հովասափյան