Այս օրերին շատերի ուշադրությունն է գրավել պաշտպանության նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի անվան շուրջ բարձրացվող աղմուկը: Հրապարակումների գռեհիկ ու թունոտ ոճը անգամ սև փիար ասվածից անտեղյակ մարդկանց մոտ թողել է պատվերի տպավորություն: Ու չնայած այն բանին, որ այդ հրապարակումները իսկապես իրենցից ներկայացնում են ֆեյքի միջոցով տարածվող պատվերով զրպարտանք, միևնույն է կարիք կա անդրադառնալու զրպարտության այն տեխնոլոգիային, որը բանեցվում է Սեյրան Օհանյանի ու իր տիկնոջ դեմ:
Այդ հրապարակումները հստակ նպատակ են հետապնդում՝ վարկաբեկել Սեյրան Օհանյանին իր տիկնոջ միջոցով: Իսկ ինչպե՞ս վարկաբեկել. շատ պարզ ու ստանդարտ միջոցով՝ ճշմարտանման սուտ հորինելով:
Որպես այդ ճշմարտանման ստի հիմք վերցվել է տարիներ առաջ ավտովաթարի հետևանքով մահացած մի գործարարի մասին ինչ որ պատմություն: Այդ պատմության առանցքում մի ինչ որ կին է, ով իբր ոչ սթափ վիճակում վարել է գործարարի մեքենան ու վթարի ենթարկել այն, որի հետևանքով էլ գործարարը մահացել է: Ժամանակին այդ պատմությունը ասեկոսեյի տեսքով անցել է բերնե-բերան, շրջանառվել է, ու պահպանվել շատերի հիշողության մեջ: Բայց հիշողության մեջ պահպանված է պատմության հիմնական կորիզը, առանց դետալների: Մասնագետները գիտեն, որ երբ ասեկոսեն տարածվում է իրականության առանձին դետալները փոխվում են, նորերն են ավելանում: Որքան ավելի է տարածվում պատմությունը, այնքան այն ավելի է հեռանում իրականությունից, ավելի է ձևախեղվում: Հիմա այս դեպքում՝ մեքենայի ղեկին եղել է ինչ որ կին: Բազմաթիվ, իրարամերժ վարկածներ կան այն մասին, թե ո՞վ էր նա, և թե ի՞նչ տեսք ուներ: Բայց պատվեր կատարողին այդ հստակության բացակայությունը ձեռնտու է: Նրա համար կարևորը այն է, որ հանրային հիշողության մեջ ամրապնդված է անսթափ վիճակում մեքենա վարող կնոջ կերպարը, որը կարելի է վերագրել Ռուզաննա Խաչատրյանին:
Սև փիարի ոսկե կանոնն է՝ եթե ասում ես առաջինը ու մարդկանց ուշադրությունը բևեռել ես նյութիդ վրա, ուրեմն շահեկան վիճակում ես, որովհետև առաջին տպավորությունը միշտ ամուր է լինում, ու բացի այդ էլ միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կկարծեն, թե «երևի մի բան կա, որ գրել են»: Եվ որպեսզի «չի լինում ծուխ առանց կրակի» ռուսական ասացվածքի տրամաբանությունը տվյալ դեպքում գործի պետք է սուտը ճշմարտանման դարձնել: Այդ նպատակով է, որ հանրությանը որպես եղելություն ներկայացվող այս հորինվածքը հագեցնում են իրական դետալներով, որոնք սակայն ուղղակիորեն չեն ապացուցում Ռուզաննա Խաչատրյանի կապը տեղի ունեցածի հետ: Այդ դետալները հրապարակվում են կամաց-կամաց, որպեսզի բացի այն բանից, որ զրպարտանքին տան ճշմարտանմանության տպավորություն, արժանահավատության ֆոն ստեղծեն, այլ նաև որպեսզի մարդկանց ուշադրությունը որքան հնարավոր է երկար պահեն նյութի վրա, որպեսզի նյութը չկորցնի իր թարմությունը:
Եվ ամենակարևորը. այս հորինվածքը տարածվում է ֆեյքի տեսքով: Պատճառը պարզ է՝ զրարտությունը ոչ ոք իր անունից չի հրապարակի: Ուշադրության է արժանի նաև այն, որ ֆեյքի տեսքով հանդես եկող պատվեր կատարողը այս դեպքում չի էլ հերքում իր ֆեյք լինելը: Հիշեցնեմ, որ Ռուզաննա Խաչատրյանը հրապարակավ հայտարարել է, որ իրեն զրպարտողները հանդես են գալիս ֆեյքով քողարկված: Բայց կրկնում եմ՝ ֆեյքի տակ ծպտվածը թունոտ անդրադառնում է Ռուզաննա Խաչատրյանի ցանկացած արձագանքին, բայց չնկատելու է տալիս իր ֆեյք լինելու մասին նրա մեղադրանքը:
Պատվեր կատարողի գերխնդիրը զրպարտանքը տարածելն է, սուտը հանրային գիտակցության մեջ ամրապնդելը: ՈՒ այդ է պատճառ, որ զրպարտությունը տարածվում է մեկ այլ տարբերակով ևս: Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը տարածել է այդ սուտը՝ հղում անելով ֆեյքին: Կրկին խորամանկ հնարք է բանեցվել: Ստացվում է, որ և՛ սուտն են տարածել, և՛ փորձել են պատասխանատվությունից խուսափել: Չէ՞ որ կարող են արդարանալ, թե իրենք ընդամենը հղում են արել ուրիշի կողմից հրապարակված նյութին: Այսինքն՝ սուտը տարածում ես՝ այդ զրպարտանքի հետ կապ չունենալու տպավորություն ստեղծելով:
Ամենաանհավատալի սուտը անգամ անընդհատ կրկնելու դեպքում կարող է որպես ճշմարտություն ընկալվել: Գեբելսյան քարոզչության կանոններից է: Բայց այդ կանոնից մի բացառություն կա: Եթե սուտը տարածվում է փոքր երկրում, որտեղ բոլրը բոլորին գիտեն, ու ոչինչ թաքուն չի մնում, ու եթե գիտեն նաև զրպարտության տեխնոլոգիան, ապա սուտը ընկալվում է որպես սուտ ու վարկաբեկում այն տարածողին:
Տվյալ դեպքում շատ կարևոր է նաև Ռուզաննա Խաչատրյանի ղեկավարած կառույցի կողմից այդ հորինված պատմությունները տարածող լրատվամիջոցին դատի տալու փաստը, որը հանրության գիտակցության մեջ ավելի է ամրապնդում Ռուզաննա Խաչատրյանի մասին հրապարակումների զրպարտություն լինելու համոզմունքը, որովհետև առաջինը ինչ մարդու մտքին գալիս է այս դեպքում հետևյալն է՝ եթե դատի են տալիս, ուրեմն մտավախություն չունեն թե ինչ – ինչ անցանկալի մանրամասնություններ ջրի երես կելնեն: Հենց այդ պատճառով էլ նրանք, ովքեր հարգել են Սեյրան Օհանյանին կշարունակեն հարգել, իսկ նրանք, ովքեր անտարբեր են եղել նրա հանդեպ, կհամակվեն համակրանքով, որովհետև հայտնի է, որ երբ տեսնում ես որ մարդուն զրպարտում են ակամա համակրանքով ես համակվում նրա հանդեպ:
Մելանյա Գալստյան - Facebook