Նվազագույնը 5000-ով ավելացնելով՝ գետինը չմտա՞ք։ Նախընտրական 5000 դրամները՝ հիմա էլ նվազագույն աշխատավարձի տեսքով։
Հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կկազմի 55000 դրամ: Նույնիսկ պատշաճ բառեր չեմ գտնում, որպեսզի արտահայտեմ իմ անսահման «հիացմունքը» ՀՀ կառավարության այս «բարեգութ», «անմնացորդ», «ազգանվեր», «բարյացակամ», «շռայլ», մի խոսքով՝ այս անհեթեթ մտահղացման հանդեպ: Ինձ ուղղակի ապշեցնում է՝ որքան ցինիկ է պետք լինել, որպեսզի.

• օգտվել այն հանգամանքից, որ ժողովուրդը ծայրաստիճան աղքատության մեջ, և ինչ էլ շպրտեն նրա դեմքին, նա պետք է Աստծուն աղերսի հանուն շպրտողների բարօրության։

• իրենց իսկ քաղաքացիների մասին այնքան վատ կարծիք ունենալ (հաշվի առնելով ընտրությունների ժամանակ բաժանվող 5000 դրամի մոգական ուժը), որ թքած ունենան այն հանգամանքի վրա, թե ավելացված 5000 դրամն ինչ եղանակ կարող է փոխել ընտանեկան բյուջեում։

• հաշվի չառնել, որ գնաճը մինչև հուլիսի 1-ը կխժռի այդ 5000 դրամը հաշված օրերի ընթացքում։

• այնքան քիչ պատկերացում ունենալ շարքային քաղաքացիների առօրյայից, որ հաշվարկել այնպես, որ այդ 5000 դրամը կնպաստի նրանց սոցիալական վիճակի բարելավմանը։

• այնքան արժեզրկել աշխատավորի արժանապատվությունը, որ վերջինս համաձայնի վերցնել այդ 5000 դրամը։

• նախադրյալ ստեղծվի՝ ասելու համար, թե դրանով չեզոքացվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։

Այս քայլով ՀՀ կառավարությունն ապացուցեց, որ ինքն ընդհանրապես պատկերացում չունի, թե ինչ վիճակում է գտնվում, և ինչպես ու ինչով է ապրում հայ ժողովուրդը: Այս քայլով ՀՀ կառավարությունն ապացուցեց, որ չի տիրապետում իրավիճակին: Այս քայլով ՀՀ կառավարությունն ապացուցեց, որ ունակ չէ պլանավորելու և գործելու երկարաժամկետ կտրվածքով:

Այս քայլով ՀՀ կառավարությունն ապացուցեց, որ ինքը ժողովրդի հետ հետադարձ կապի մեջ չի գտնվում: Այս քայլով ՀՀ կառավարությունն ապացուցեց, որ ՀՀ շարքային քաղաքացիներն իրենց համար զուտ ճորտեր են, որոնց պետք է մի բան շպրտել, որ իրենք չսատկեն սոված շան նման: Այս քայլով ՀՀ կառավարությունն ապացուցեց, որ ինքը նախորդ կառավարություններից ավելի վատն է:

Հ. Գ. Պարոնա՛յք նախարարներ, 5000 դրամի մոգական ուժը ձեր դեմ է դուրս գալու:

Կարեն Թումանյան