ՀՀ մարզպետարանները թվով 10-ն են: Ուսումնասիրելով մարզպետների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հաձնաժողով ներկայացրած հայտարարագրերը գալիս ենք մեկ եզրակացության. մեր մարզպետերը՝ «ազնվորեն» կատարելով իրենց աշխատանքը, կուտակել են բավական պատկառելի միջոցներ:

YerevanNews.am-ը ընթերցողի համար առանձնացրել է նրանից ամենահարուստներին:

Արարատի մարզպետ՝ Ռուբիկ Աբրահամյան 

Պարոն Աբրահամյանi տարեկան հայտարարագրում նշված են միայն նրա դրամական միջոցները: Հարկային տարվա վերջում (2014թ) նա հայտարարագրել է 10,000,000 ՀՀ դրամ, 35,000 ԱՄՆ դոլար և 15,000 եվրո: Ընդ որում՝ տարվա սկզբի համեմատ նրա դրամական միջոցները միայն աճել են: Մարզպետը շատ չի ծախսում...խնայում է:

Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ բաժնում հայտարարագրված է 3,303,937 դրամ:

Ի դեպ, նրա հետ փոխկապակցված անձիք ծնվել են հաջողակ աստղի տակ, քանի որ վերջերս մեծ չափերի հասնող նվիրատվություններ են ստացել: Այնպես որ պարոն Աբրահամյանin մարզպետի պաշտոնն այնքան էլ պետք չէ:

Լոռու մարզպետ՝ Արթուր Նալբանդյան

Պարոն Նալբանդյանը ևս գույք և մեքենա չունի հայտարարագրած (մարդը ոչ տուն ունի, ոչ էլ մեքենա): Հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են՝ 1,214,149.50 դրամ և 229,862.04 դոլար: Տարվա սկզբի համեմատ դրամական միջոցները գրեթե չեն փոփոխվել (միայն մանր-մունր ծախսեր): Հայտարարագորւմ նշված է նաև աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, որոնք կազմել են 5,366,149 դրամ, իսկ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը կազմել է 4,963,481.30 դրամ:

Պարոն Նալբանդյանի գործունեության և ունեցվածքի մասին խոսակցությունները ևս ամենադրականները չեն:

Կոտայքի մարզպետ՝ Կարապետ Գուլոյան 

Հասանք նաև Կոտայքի «նորաթուխ» մարզպետ պարոն Գուլոյանին, որի աները ոչ ավել, ոչ պակաս, բոլորիս հայտնի, Գագիկ Ծառուկյանն է: Պարոն Գուլոյանը պարզվում է «տուն-տեղ» ունի: Նա հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն և բնակարան:

Նշենք նաև դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ 1,344,950,000 դրամ և 81,500 ԱՄՆ դոլար: 

Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ բաժնում հայտարարագրված է 534,969 դրամ:

Դե, այս դեպքում, կարծում եմ ամենինչ պարզ է. ո՞վ այդպիսի աներ ունենա, որ մնա աշխատավարձի հույսին: Չնայած Գագիկ Ծառուկյանի վերջին քաղաքական «ձախողումներին», նրա ֆինանսների հետ կարծես ամենինչ կարգին է:

Սյունիքի մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյան

Եթե վերը նշվածների դեպքերում որոշ կասկածներ ունենք նրանց «ազնվության» հետ կապված, ապա պարոն Խաչատրյանի դեպքում նրա «համբավը» խոսում է մեր փոխարեն: Սուրիկ Խաչատրյանը մշտապես գտնվում է հասարակության ուշադրության կիզակետում: Նրա անձի հետ կապված իրադարձությունները միշտ թեժ են լինում:

Պարոն Սուրիկի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները կազմել են 1,448,000,000 դրամ: Սակայն Սյունիքի մարզպետի հայտարարագրված դրամական միջոցները զիջում են մնացածին՝ կազմելով ընդհամենը 2,999 դոլար: «Խեղճ» պարոն Խաչատրյան...

Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1,578,684 դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը՝ 16,200,000 դրամ, իսկ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը՝ 197,424,000 դրամ: Այսպիսով, հանրահայտ Սուրիկ Խաչատրյանի եկամուտները հարկային տարում կազմել են 215,202,684: Վատ չէ...

Տավուշի մարզպետ՝ Հովիկ Աբովյան

Պարոն Աբովյանի ունեցվածքը ևս զարմացնում է իր ճոխությամբ: Նա հայտարարագրել է TOYOTA LAND CRUISER 100 4.5 I ավտոմեքենա՝ 7,500,000 արժողությամբ: Պարոն մարզպետը սիրում է լավ մեքենաներ...

Նրա դրամական միջոցները ուսումնասիրելիս տեսնում ենք, որ այս տարի Հովիկ Աբովյանը բավական գումար է ծախսել: Տարվա սկզբի 40,000,000 դրամը, տարվա վերջում դարձավ 31,300,000 դրամ, իսկ 200,000 դոլարը՝ 110,000:

Հարկային տարում հայտարարագրված եկամուտները կազմել են մի պատկառելի գումար՝ 2,583,328.00 դրամ, որոնք գոյացել են աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներից:

Պարոն Աբովյանը զբաղեցրել է միայն պետական պաշտոններ և հետաքրքիր է, թե որտեղի՞ց պետական չինովնիկին այսքան փող ու կարողություն:

Նշենք նաև, որ մենք դիտարկել ենք միայն մարզպետների հայտարարագրերը, առանց նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերի ուսումնասիրության: Իսկ մեր մարզպետները ոչ միայն «ազնիվ» են, այլև ունեն ճկուն միտք...