ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ծննդյան խնջույքի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում ծանր մարմնական վնասվածք պատճառելու և տուժողի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:
 
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
 
2014 թվականի հուլիսի 6-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1957 թվականին ծնված Խ. Գրիգորյանը` «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ։
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (ծանր մարմնական վնասի պատճառում): 
 
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ տղամարդը ծանր մարմնական վնասվածք է ստացել նույն օրը խորտկարանում տեղի ունեցած խնջույքի ժամանակ։ Խնջույքը կազմակերպվել էր խորտկարանի վարձակալների՝ ամուսիններ Մ. Մուրադյանի և Գ. Մարտիրոսյանի կողմից՝ նշելու վերջինիս ծննդյան 21-րդ տարեդարձը։
 
Խնջույքի ժամանակ առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ էլ Խ. Գրիգորյանին դանակի գործադրմամբ պատճառվել է մարմնական վնասվածք։
 
Տուժողը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ իրեն մարմնական վնասվածք է պատճառել խորտկարանի վարձակալը՝ Մ. Մուրադյանը, ով ներգրավվել էր որպես կասկածյալ և ձերբակալվել, սակայն քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ իրականում տղամարդուն դանակով հարվածել է Մ. Մուրադյանի կինը, ում ծննդյան տարեդարձը նշում էին խորտկարանում։
 
Մ. Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
 
Նախաքննության ընթացքում տուժողի կողմից Մ. Մուրադյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու վերաբերյալ նյութերի հիման վրա հարուցվել է նոր քրեական գործ, և Խ. Գրիգորյանին մեղադրանք առաջադրվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 
 
Այս մասով ևս նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
21-ամյա կինը դանակահարել է 58-ամյա տղամարդու
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					