«Հրապարակ» թերթը գրում է.
«Կապանում մայիսի 30-ին՝ շաբաթ օրը, բենզալցակայան է պայթել: Պայթյունի հետևանքով լցակայանի աշխատակիցը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան:
Այժմ գտնվում է Այրվածքաբանության կենտրոնում՝ վերակենդանացման բաժանմունքում: Երիտասարդի մոտ առկա է 90 տոկոս այրվածք, վնասվածքներն անհամատեղելի են կյանքի հետ, վիճակը երեկվա դրությամբ ծայրահեղ ծանր էր: Սա վերջին 1 ամսվա ընթացքում 5-րդ դեպքն է, օրեր առաջ Չարենցավանում էր գազալցակայան պայթել, աշխատակիցը մահացել էր:
Դրանից առաջ Էջմիածնում՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գազալցակայանում, Հակոբյանի եղբայրը երեկ մահացել է: Դրանից առաջ էլ ևս 2 դեպք էր եղել, արդյունքում դարձյալ զոհ, վիրավորներ: Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել փորձաքննություն չանցած լցակայաններում, որտեղ խախտված են եղել տեխնիկական շահագործման կանոնները:
Հավելենք, որ լցակայանները հիմնականում պատկանում են պաշտոնյաներին ու նրանց մերձավորներին, այդ պատճառով էլ նրանք անարգել անօրինական գործունեություն են ծավալում՝ մարդկանց կյանքը վտանգելով»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: