Գյուղանտեսության ոլորտը հանդիսանում է ՀՀ տնտեսության զարգացման հիմնաքարերից մեկը: Այս պատճառով Կառավարության գործողությունները պետք է մշտապես ուղղված լինեն գյուղատնտեսության ոլորտի աջակցմանը, ինչպես նաև պատշաճ վերահսկողության իրականացմանը, ինչը, մեղմ ասած, չի իրականացվում լավագույն կերպով:

Պետք է վերահսկվեն ինչպես գյուղտնտեսությունների, այնպես էլ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող և գերշահույթներ ստացող ընկերությունների իրականացրած գործունեությունը: Որպես օրինակ ուսումնասիրենք կաթնամթերքի արտադրության ոլորտը Հայաստանում:

Գյուղացիական տնտեսությունները ստացված չմշակված կաթը վաճառում են կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններին 1 լիտրը 120-130 դրամով, մինչդեռ խանութներում և սուպերմարկետներում վերամշակված կաթի գինը տատանվում է 450-500 դրամի սահմաններում: Արդյունքում գյուղացին, իր կատարած մեծ աշխատանքի և ծախսված ժամանակի արդյունքում ստացված կաթը, վաճառում է չափազանց ցածր գնով, իսկ վերամշակող ընկերությունները՝ սահմանելով եռակի գին, ստանում գերշահույթ:

Անխոս կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները նույնպես կատարում են աշխատանք, ծախսում միջոցներ և ստանում արդյունք, սակայն եռակի գին սահմանելը ոչ միայն հիմնավորված չէ, այլև հանդիսանում է մարդկային ագահության վառ օրինակ: Պետք է հաշվի առնել նաև, որ վերամշակման արդյունքում ստացվում են նաև հավելյալ արտադրատեսակներ՝ թթվասեր, մածուն, սերուցք և այլն, որոնք ևս եկամտի աղբյուր են: Այդպիսի ընկերությունների անունները հայտնի են բոլորին: 

Արդյունքում տուժողի դերում հայտնվում է «խեղճ գյուղացին», որը ստիպված է լինում բազմաթիվ վարկերի և այլ միջոցների հաշվին ապահովել իր և ընտանիքի գոյությունը: