«Այժմ գյուղերում ծանր վիճակ է տիրում. անընդհատ մեզ բողոքներ են գալիս տարբեր մարզերից: Կաթի գինը գնալով նվազում է, թե ինչի հետ է դա կապված, ոչ մեկ չգիտի: Եվ այս հարցում մեղադրում են գյուղապետերին: Ուղղակի դա աբսուրդ է և անընդունելի: Աքիլլեսյան գարշապարը պետք է գտնել արտասահմանում»,- ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով, կաթի գնի նման անկումը կապված է կաթի փոշու պատրաստման հետ: Այժմ բոլոր խանութներում վաճառվող կաթերը պատրաստված են կաթի փոշուց: Եվ եթե այդպես է, կաթը պետք է վաճառեն ոչ թե 440 դրամով, այլ` 110:
«Այս խնդիրը առաջացել է այն ժամանակ, երբ վաճառող կազմակերպությունները սկսեցին ուշադրություն չդարձնել կաթի արտադրությանը: Վերջիններս պետք է ուսումնասիրեն բաղադրությունը, սակայն չեն անում: Վստահ եմ, որ նման վիճակը բերելու է նրան, որ մեր խանութներում վաճառելու են ռուսական և ուկրաինական արտադրություն»:
Հրաչ Բերբերյանի խոսքով, իրենք դիմել են «Հակամենաշնորհային» հանձնաժողով, այս խնդրի վերաբերյալ հետաքննություն անցկացնելու համար: Սակայն մինչև այսօր չեն կատարել: Սակայն նա վստահ է, որ բաղադրությունը, որը առկա է կաթի տուփի վրա, միանշանակ չի համապատասխանում կաթի բաղադրությանը:
YerevanNews.am-ի այն հարցին, թե ինչ լուծում է առաջարկում Հրաչ Բերբերյանը, նա պատասխանեց. «Մեր արտադրողները պետք է արտադրեն և՛ անարատ կաթ, և՛ կաթի փոշիով պատրաստված կաթ: Ես միտում չունեմ կաթի փոշու արտադրությունը կանխարգելելու: Փաստը մնում է փաստ, որ մի քանի գրպանահատների պատճառով տուժում է ողջ ժողովուրդը:
Այսինքն կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում տիրող իրավիճակը, օրենքի բացակայությունը քայլ առ քայլ բերում են արտադրողների սնանկացմանը, ապագայում գործարանների փակմանը: Քանի որ գնալով նաև պակասում են անասունների գլխաքանակը»: