Ինչպես հայտնել ենք, մեկնարկում է նոր «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծը: Նախագծի պրոդյուսերն է՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, նախագծի գլխավոր երաժշտական խմբագիրը կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն է, նախագծի համակարգողն է արտ-մենեջեր Մարինա Սուլթանյանը: Նախագծի մտահղացման հեղինակը Արթուր Ջանիբեկյանն է:
Ծրագրի նկարագրություն
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծն իրականացվում է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից՝ 2014 թվականի փետրվարից, ծրագրի գաղափարը հղացել է 2013 թվականի օգոստոսից:
Ծրագիրը նպատակ ունի ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայկական ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան:
Ծրագրի շրջանակներում հայկական ազգային երաժշտության ոսկե հավաքածու համարվող ստեղծագործությունների մոտ 550 օրինակ ընդգրկվել են մեկ ձայնադարանում, որի մեջ ներառված են ժողովրդական, հոգևոր և գործիքային երաժշտության նմուշներ: Ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր: Ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական տարածաշրջանների երգերն ու նվագները:
Ծրագիրը բաղկացած է 4 փուլերից․
- Առաջին փուլում իրականացվել են երգերի ձայնագրությունները: Հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվել են կատարողներ, և սկսվել են երգերի ձայնագրությունների աշխատանքները: Արդեն արված:
- Երկրորդ փուլում կատարվել է հայկական ազգային երաժշտությանը վերաբերող նոտային գրականության հավաքագրում և դասակարգում։ Սրանց մեծ մասն արդեն պատրաստ է հրատարակման:
- Երրորդ փուլում իրականացվում են նախագծի համար պաշտոնական ինտերնետային կայքի պատրաստման աշխատանքները, որտեղ նախատեսվում է տեղադրել ամբողջական տեղեկատվություն իրականացված աշխատանքների մասին՝
- երգերը mp3 տարբերակով՝ ներբեռնելու հնարավորությամբ
- յուրաքանչյուրի երգի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն
- յուրաքանչյուր երգի նոտաները և բառերը
- յուրաքանչյուր երգի համար նախատեսված պատկերային իլուստրացիա երգի ճանաչելիությունը բարձրացնելու համար - Չորրորդ փուլում իրականացվում է Կոմիտաս Վարդապետի ծրագիրը: 100 տարի անց առաջին անգամ լույս է տեսնելու նոտաներով հանդերձ այն երգերի ժողովածուն, որոնց սոսկ տեքստերն էին հրատարկվել Կոմիտասի կենդանության օրոք «Հազար ու մի խաղ» անվանումով:
- Հինգերորդ փուլ. շուրջ 200 տարի ընդմիջումից հետո համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ կհրատարակվի հայ հոգևոր երաժշտական մատյանները /Շարակնոցը, Ժամագիրքը/: Ծրագրի շրջանակում կվերահրատարկվի նաև Եկմալյանի «Պատարագը»: Արդեն հրատարակված նոտաներին կկցվեն նաև երգերի բառերի լատինատառ հնչավորումները (transliteration)։
Նախագծի շրջանակում ստեղծվել է նաև 10 հոգուց բաղկացած «Զարկ» արական երգչախումբը: Վերջիններս միջնադարյան երգարվեստի ավանդույթի համաձայն կատարում են 60 հոգևոր երգեր (5-15-րդ դարեր):
Ծրագրի նպատակը.
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է՝
- ձայնագրել և վերաձայնագրել հայկական ազգային, ժողովրդական և եկեղեցական երաժշտությունը
- պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը
- ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայկական ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան
- վերականգնել ազգային երգը, ծեսն ու ավանդույթը
- վերականգնել նոտային գրականությունը
- տեխնիկապես հասանելի դարձնել հայ մշակութային ժառանգությունը
- ստեղծել հայկական ազգային երաժշտության համաշխարհային պորտալ
- ծրագրի վերջին փուլում կստեղծվի հայկական ազգային երաժշտական գանձատուփ, որտեղ զետեղված են լինելու «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շրջանակներում ձայնագրված բոլոր ստեղծագործությունները: Ներկայացվող բազմաժանր երգերում արտացոլված են հայի ավանդական կենցաղն ու բարոյական չափանիշները, ծեսերն ու տոները, ուրախությունն ու տխրությունը, մեր երկիրն ու բնությունը, աշխատանքի ու սիրո փառաբանությունը, ազատատենչ ոգին, իմաստությունն ու հավատքը։ Հայկական ազգային երաժշտական գանձատուփի միջոցով հնարավորություն կունենաք աշխարհին ներկայացնել հայկական ազգային և եկեղեցական երաժշտության գոհարները:
Ակնկալվող արդյունքները.
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագծի ակնկալվող արդյունքներն են՝
- հասարակության շրջանում հայկական ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտության մասին տեղեկատվության տարածում, քաղաքացիների շրջանում տեղեկացվածության աստիճանի բարձրացում
- հայ մշակույթի, երաժշտական արվեստի համաշխարհային ճանաչելիության մեծացում
- ձայնադարանի շնորհիվ հանրակրթական դպրոցներում հայ ժողովրդական և եկեղեցական երաժշտության ուսումնական ծրագրի ստեղծում
- հայկական ընտանիքներում ավանդական ծեսերի ու տոների կիրառում