Էլեկտրաէներգիայի թանկացման հայտը պայմանավորված է ՀԷՑ-ի վատ կառավարումով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում իր համոզմունքը հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նա նշեց, որ ՀԷՑ-ի ղեկավարությունը ձախողել է ընկերության կառավարումը: Մասնավորապես փորձագետն ասաց.
«ՀԷՑ-ի կատարած ծախսերը որ նայում ենք, այնտեղ աբսուրդի հասնող թվեր կան. 57 հազար դրամանոց ցեմենտ, 1500 դրամանոց մետաղալար և այլն: Պետք է պարզել՝ այդ թվերն իրական են, թե ոչ: Ամեն դեպքում եթե սակագինը բարձրանա, ՀԷՑ-ն էլի ձախողելու է կառավարումը, հաջորդ տարի նորից հայտ կներկայացնի»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի թանկացում կլինի: