Հունիսի 7-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երկու անկուսակցական թեկնածուներ` Արթուր Աբգարյանն ու Կարեն Փարեմուզյանը։ Վեջինիս թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն։
HayNews.am-ը զրուցել է Ալավերդու քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի հետ:
-Պարոն Աբգարյան, նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը։ Ի՞նչ հաջողություններ կարողացաք արձանագրել։
-Հիմնական ձեռքբերումը, միանշանակ, վախի մթնոլորտի հաղթահարումն էր։ Մարզային իշխանությունները շատ ջանքեր էին թափել, որպեսզի ալավերդցիներն ընտրեն իրենց դրածոյին։ Մարդկանց վախեցնում էին, սպառնում ազատել աշխատանքից, կտրել նպաստներից և այլն։ Իմ նախընտրական շտաբը շատ ուշադիր է հետևել նման գործընթացներին։ Մենք օգնության ձեռք ենք մեկնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր դարձել են նման անազնիվ մրցակցության զոհ։ Հետևողական աշխատանքի շնորհիվ վերջապես կարողացանք ոտքի կանգնեցնել Ալավերդին, կոտրել վախի մթնոլորտը։ Կարծում եմ` սա ամենակարևոր ձեռքբերումն էր։
Երկրորդը, իհարկե, կողմնակիցների մեծ բանակի ձևավոորումն էր։ Նախընտրական քարոզարաշավի ողջ ժամանակն օգտագործել եմ մարդկանց հետ շփվելու, նրանց իմ ծրագիրը ներկայացնելու ու իրենց կողմից բարձրաձայնվող խնդիրներին ծանոթանալու համար։ Ասեմ, որ այս հանդիպումների ընթացքում բավական շատ հարցեր արդեն իսկ լուծում են ստացել։ Վստահ եմ` ընտրություններից հետո ես և ալավերդցիները միասին աշխատելու շատ ավելի մեծ հնարավորություններ կունենանք և միասին կկառուցենք մեր երազանքների Ալավերդին։
-Դուք խոսեցիք մարզային իշխանությունների ապօրինություններից։ Արդյո՞ք դա հենց մարզպետ Արթուր Նալբանդյանն է կազմակերպում, թե՞ խնդիրը միջին օղակների մեջ է։
-Ձեր նշած միջին օղակները մարզպետի ենթականերն են ու առանց նրա անմիջական կարգադրությունների` ոչինչ անել չեն կարող։ Բայց Արթուր Նալբանդյանը միանշանակ այն անձնավորությունը չէ, ում մասին ես կուզեի խոսել։ Իր ապօրինի գործողություններով նա վաղուց է արժանացել իմ արհամարհանքին։
Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ մի քանի ապաշնորհ պաշտոնյա իշխանությունների հանդեպ ատելության մթնոլորտ են ձևավորում Ալավերդիում և, ընդհանրապես, ողջ Լոռու մարզում։ Սա անթույլատրելի է։ Մարդկանց և իշխանությունների կապը չպիտի արատավորվի ինքնահավան և մեծ հաշվով ոչնչով աչքի չընկնող պաշտոնյաների պատճառով։
-Հունիսի 7-ին ընտրությունների օր է։ Պատրա՞ստ եք արդյոք ընտրություններին և ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ օրվանից։
-Այս առումով խնդիրներ չունենք։ Անհրաժեշտ աշխատանքները շտաբում վաղուց ենք կազմակերպել։ Վստահված անձինք համապատասխան պատրաստվածություն են անցել։ Մնացած բոլոր թիմակիցներս` նույնպես։ Ուզում եմ օգտվել առիթից և կոչ անել, որպեսզի երևանյան լրատվամիջոցները գան և լուսաբանեն ընտրական գործընթացը։ Համոզված եմ, որ հանրային վերահսկումը կզրկի չարակամներին ցանկացած տիպի խախտումներ անելու հնարավորությունից։
Ինչ վերաբերվում է սպասելիքներին, ապա ասեմ, որ մեր ուսումնասիրությունները բավական հուսադրող են։ Ակնկալում եմ ընտրողների մոտ 70 տոկոսի քվեն։ Հատկապես վերջին այս օրերին ինձ աջակցող ալավերդցիների թիվը կտրուկ մեծացել է։ Չնայած քարոզարշավի ավարտին դեռ մի քանի օր կա, արդեն հիմա կարող եմ վստահ ասել, որ նախընտրական այս փուլը լիովին հաջողված է։