Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում այնուամենայնիվ կլինի: Նազարյանը հավելեց, որ չնայած սպասվող թանկացմանը, ՀԷՑ-ի յուրաքանչյուր չհիմնավորված, ճոխ ծախս չի հաշվառվելու սակագնի մեջ:

Հուսանք պարոն Նազարյանը և հանձնաժողովի մյուս անդամները արդարացի որոշում կկայացնեն...

Հուսանք, որպես անհիմն ծախս կդիտարկվի նաև ՀԷՑ-ի գովազդի և իրականացվող PR գործունեության վրա մսխված գումարները: Այո, այո...ՀԷՑ-ը նույնպես գովազդում է իրեն և իր արտադրանքը: Այս օրերին, երբ այն գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, երբ լրատվամիջոցներն ու գրեթե բոլոր հասարակական-քաղաքական գործիչները, մեղմ ասած, բացասականորեն են անդրադառնում ՀԷՑ-ի անթույլատրելի շռայլություններին, չափազանց աչք ծակող և նույնիսկ զայրացնող են ՀԷՑ-ի «գովազդային վահանակները»:

Ընդ որում ընտրված գովազդային հարթակը ոչ էժանագին է: Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում հանդիպեցի ՀԷՑ-ի գովազդային վահանակին, որը, անխոս, առանց դժվարին հաշվարկների, կարելի է պնդել, որ արժեցել է միլիոնավոր դրամներ:
Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացու համար, որը «օրվա հացի» գումար վաստակում է մեծ դժվարությամբ, բարդ է հասկանալ ստեղծված իրավիճակը: Աշխատավոր մարդը, որը ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել համացանցում, հանդիպում է ՀԷՑ-ի վատ կառավարման մասին բազմաթիվ հոդվածների, որոնց կողքին, սակայն, նույն ՀԷՑ-ի գովազդն է աչքի զարնում:

Ասածս ինչ է...չի կարելի չարաշահել մարդկանց համբերությունը: Չի կարելի մարդկանց զայրացնել և միաժամանակ «գովաբանել» զայրույթի օբյեկտ հանդիսացող կազմակերպությանը: Չի կարելի մահակով հարվածել մարդու գլխին և գովազդել նույն արյունոտ մահակը: