Ես մեր ծերերից եմ լսել, մեր ծերերը իրենց պապերից, ԲՀԿ պատգամավորներն էլ`երեխաներից են լսել, թե մանկատան սաներին «պռակատ» են տալիս:
ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Վահան Բաբայանի` մեկ շաբաթ առաջ աղմուկ հանած հայտարարությունն աճեց-աճեց ու պայթեց պղպջակի պես: ԲՀԿ-ական տիկին Զոհրաբյանը, ով օրեր առաջ վստահ հայտարարություններ էր անում, այսօր արդեն ասել է, թե երեխաների շահագործման մասին հենց երեխաներից է լսել: Ու դեռ լավ է, որ Ն. Զոհրաբյանն այսքանից հետո պատրաստակամություն է հայտնել օգնել իրավապահներին` հանցագործներին գտնելու հարցում:
Երբեմն, երբ տիկին Զոհրաբյանին լրագրողները դիմում են որևէ հարցի մասին մեկնաբանություն ստանալու համար, նա պատասխանում է, որ «Ճիշտ կլինի խոսել փաստերով, այլ ոչ թե մերկապարանոց հայտարարություններ անել»:
Կարծում ենք` և տիկին Զոհրաբյանը, և Վահան Բաբայանն առավել ևս, լավ գիտեն իրենց խոսքի գինը ու ժամանակն է, որ երեխաների մասին արված հայտարարությունը հիմնավորվի կամ հերքվի:
Լավ է, որ պատգամավորներն անհանգստացած են մանկատներում ապրող երեխաների ճակատագրով, բայց «մերկապարանոց» հայտարարություններն այս դեպքում տեղին չեն:
Եթե ընդունենք այն, որ երեխաներն իսկապես պատգամավորներին տեղեկություններ են հաղորդել շահագործման դեպքերի մասին, ապա ի՞նչն է ԲՀԿ ղեկավարին խանգարել խնդիրը «ականջի» հետև չգցել ու հենց այդ պահին չդիմել համապատասխան մարմիններին:
ՀԳ. Այն, որ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում միշտ պետք է զգոն լինել, անհերքելի է, բայց անհիմն հայտարարությունները ԱԺ հասցնելը առնվազն տարօրինակ է:
Հ.Գ. 2. Նաիրա Զոհրաբյանը կուսակցության ղեկավար է, ինչը նշանակում է, որ իր հայտարարություններում պետք է առանձնահատուկ զգույշ լինի, հակառակ դեպքում տխմար պատկեր է ստացվում:
Տիգրանուհի Դավթյան - ֆեյսբուք