«ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ընդլայնումը դեմ է ՀՀ շահերին»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում այս մասին ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով ՀՀ-ում Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի մամլո ասուլիսին: Ի դեպ, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը տարածաշրջանային այցի շրջանակում եղավ նաև Հայաստանում:
Երևանում սերբ պաշտոնյան իր երևանցի գործընկերոջ հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում բացահայտեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանի նոր առաջարկը: Նա հայտարարել է, որ Ադրբեջանն առաջարկում է ավելացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվը: Նրա կարծիքով` սա ամենևին էլ նոր առաջարկ չէ, սակայն այս առաջարկը ընդունելու համար կոսենսուսով կայացված որոշման կարիք կա, որը կընդունվի մասնակից բոլոր երկրների կողմից:
«Միգուցե այս հարցը ուսումնասիրենք ապագայում, բայց, կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել: Եթե որևէ կողմ գոհ չէ աշխատանքի արդյունքներից, այնուամենայնիվ սա միակ ձևաչափն է, որի շրջանակում տարաբնույթ բանակցություններ են ընթանում, երկխոսություն է տեղի ունենում, և սա պետք է պահպանվի»,- ասել է եվրոպացի դիվանագետը:
Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետապնդած նպատակներից մեկը ՄԽ վերաձևափոխումն է: Ըստ նրա` անցյալ տարի դա փորձում էին անել ապակայունացման ճանապարհով և ԵԱՀԿ կամ միջազգային կառույցների շրջանակներում նոր ձևաչափ ձևավորելու փորձերով, ուստի պատահական չէ, որ Բաքվի և Անկարայի գնահատականները ՄԽ գործունեության վերաբերյալ բացարձակապես նույնական են:
«Անցած տարի, եթե հիշում եք, ամռանը, Թուրքիայի Միլի մեջլիսի խոսնակը բացահայտ հայտարարեց, որ ՄԽ-ի միայն անունը կա, ոչ մի գործ չի արվում, արված գործն էլ արդյունք չի տալիս: Ադրբեջանի քննադատություններին կարելի է նույնիսկ չանդրադառնալ, դրանք բազմաթիվ անգամներ անցյալ տարիների ընթացքում ակնհայտ են եղել Իլհամ Ալիևի, Էլմար Մամեդյարովի ելույթներում հիասթափությունների տեսքով և նույնիսկ կար մի շրջան, որ Բաքուն, հասկանալով, որ Թուրքիայի ներգրավվածությունը խնդրահարույց է և Թուրքիան քիչ հնարավորություններ ունի, փորձ արեց առաջին պլան մղել Գերմանիային և դա անում էր, հաշվի առնելով այն, որ ԵՄ-ում կան քննարկումներ, թե ինչու Ֆրանսիային չփոխարինել ԵՄ մանդատով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: