Հայաստանում գազալցակայաններում պայթյունների 99%-ը անորակ գազաբալոնների պատճառով է լինում: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ավտոգազալցաճնշակայանների կոմպրեսատորներ և գազաբաշխիչ աշտարակներ արտադրող ընկերության տնօրեն Ռոբերտ Թովմասյանը:
Նրա խոսքով՝ հիմնականում տեխնիկական, փորձագիտական քննության են ենթարկվում գազալցակայանները, գազաբալոնները վերահսկողությունից դուրս են մնացել:
Անդրադառնալով մայիսի 30-ին Չարենցավանում տեղի ունեցած պայթյունին, Ռոբերտ Թովմասյանն ասաց. «Չարենցավանում տեղի ունեցավ դժբախտ պատահար, որի պատճառն արդեն մեզ հայտնի է, եղել է գազաբալոնի անորակությունը: Այն տեղեկատվությունը, որ այդ գազալցակայանը գործել է օրենքի խախտումներով, չի համապատասխանում իրականությանը»:
«Շատ հնարավոր է , որ այս պայթյունները երկրաչափական պրոգրեսիայով աճեն»,-մտահոգություն հայտնեց Ռոբերտ Թովմասյանը՝ հավելելով, որ դրա դեմն առնելու միակ միջոցն այն է, որ բալոնները հանվեն, փորձաքննության ենթարկվեն, հետո տեղադրվեն:


