Ներկայիս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ով «ՀԷՑ»-ի վերջին աղմկահարույց գործով առաջին գործող դեմքերից է, ըստ ամենայնի, այնքան էլ չի կիսում այս խնդրի առընչությամբ հասարակ քաղաքացիների անհանգստությունը: Ինչը, իրականում, բնական երևույթ է և չկա զարմանալի ոչինչ, քանի որ նախարարը չի ապրում հասարակ հայաստանցու առօրյա հոգսերով:
Երվանդ Վազգենի Զախարյան
Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրի Երվանդ Զախարյանի դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմում են 29,800,000 ՀՀ դրամ: Նախարարը նաև հայտարարագրել է 5,503,309 դրամ աշխատավարձ, սակայն, եթե հավատանք նրա անկեղծությանը, ապա պարոն Զախարյանը չունի այլ հայտարարագրված գույք և մեքենա: Զարմանալի է...
Նշենք նաև, որ 2014թ.-ի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Երվանդ Զախարյանը հայտարարագրել է ոչ էժանագին մի մեքենա, որը նաև լայնորեն քննարկվել է հասարակության կողմից, սակայն որպես «ՀԷՑ»-ի թույլ տված հերթական շռայլություն, այլ ոչ թե մեր հարգարժան նախարարի: Մեքենան՝ LEXUS LS 460-ը, 2014թ.-ի տարեկան հայտարարագրում արդեն բացակայում է:
Ինչևէ, ուսումնասիրենք նաև Երվանդ Զախարյանի կենսագրությունը: Պարզվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը ծնվել է Ադրբեջանական ԽՍՀ-ում՝ Շամխորի շրջան, գյուղ Սալեր: Հետաքրքիր հանգամանք է, համաձայնվեք:
Պարոն Զախարյանը ծավալել է նաև բուռն աշխատանքային գործունեություն, զբաղեցրել առաջատար պաշտոններ: 1998-2000թթ. եղել է ՀՀ տրանսպորտի նախարար, 2001 թ.՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, 2001-2002 թթ.՝ ՀՀ Պետական եկամուտների նախարար, 2002-2003 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության պետ, 2003-2009 թթ.՝ Երևանի քաղաքապետ և նույնիսկ նախագահի խորհրդական:
Միգուցե իսկապե՞ս պարոն Զախարյանը 30 մլն դրամ կարողությունը կուտակել է ազնիվ աշխատանքի շնորհիվ...