Սիրիայում «Ալ Կաիդայի» ճյուղավորումը հադիսացող «Ալ Նուսրայի ճակատ» իսլամական ծայրահեղ արմատական խմբավորման առաջնորդ Աբու Մուհամադ ալ Ջուլանին կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում բացառել է առաջիկա ժամանակահատվածում «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական կազմակերպության հետ հարաբերությունների բարելավման հնարավորությունը:
Ալ Ջուլանիի կարծիքով՝ ԻՊ-ի ղեկավարության ձգտումը՝ ստեղծել պետական միավոր, «ապօրինի» է և «ոչ լեգիտիմ»: Նա նաև մեղադրել է կառույցի առաջնորդներին իսլամական իրավունքը սխալ մեկնաբանելու հարցում:
Առհասարակ, Սիրիայի և Իրաքի տարածքներում ԻՊ-ի որդեգրած գործելաոճը հաճախ է սուր քննադատության արժանանում այլ ծայրահեղական խմբավորումների առաջնորդների, նաև աստվածաբանների կողմից: Կառույցի իրականացրած վայրագությունները, զանգվածային սպանությունները, մահապատիժները, սրբավայրերի պայթեցումները, ավերածությունները շատ մահմեդական աստվածաբաններ որակում են որպես ոչ միայն իսլամի սկզբունքներին հակասող, այլև նաև դրանց դեմ իրականացվող գործողություններ:
Իսկ ինչ վերաբերում է Ալ-Ջուլանիի հայտարարությանը՝ Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների համատեքստում, ապա կարելի է կանխատեսել, որ գոնե առաջիկայում ուժերի hարաբերակցությունը սիրիական ռազմաճակատում հիմնված կլինի հակամարտ կողմերի ներկա տեղաբաշխվածությանը համապատասխան, այսինքն՝ «բոլորը բոլորի դեմ» սկզբունքի հիման վրա:
Մինչդեռ ինչպես վերոնշյալ հայտարարությունն էր փաստում՝ առկա իրավիճակը կարճաժամկետ հեռանկարում, իսկ երկարաժամկետում՝ կախված զարգացումներից, բնականաբար չի կարող բացառել նաև իսլամականների միջև տարաբնույթ դաշինքների հնարավորությունը:
Արմեն Պետրոսյան