Հունիսի 7-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

Ներկա գտնվեցի Ալավերդում կայացող ընտրություններին՝ լուսաբանելու նպատակով, ինչպես նաև օգտվելով թեկնածու Կարեն Փարեմուզյանի «հրավերից», ով իր հարցազրույցներ չտալու և լրատվամիջոցներից խուսափելու փաստն արդարացրեց այսպես. «ամսի 7-ին եկեք Ալավերդի, խոստանում եմ, ինտեռվյու տամ», իսկ լրագրողի պնդմանը, որ գուցե մինչ ընտրությունները մի քանի հարցի պատասխանեիք, եթե չկա խնդիր ինչո՞ւ եք հրաժարվում հարցազրույց տալուց, թեկնածուն պատասխանել էր. «Ես չեմ հրաժարվում հարցազրույց տալ, ես ուղղակի չեմ տալիս ինտեռվյու, քո՛ւր ջան»:

Ամեն դեպքում, բացի ընտրությունների ընթացքից ու ավարտից, ինձ մի բան ևս շատ հետաքրքիր էր՝ ո՞րն է ինտեռվյուի և հարցազրույցի տարբերությունը, և պատասխանի հետևից շտապեցի Ալավերդի:

Սակայն Կարեն Փարեմուզյանի շտաբի դիմաց կանգնած էր տղաների մի խումբ, ովքեր արգելում էին ինձ ու իմ գործընկերներին առաջանալ՝ ասելով, որ թեկնածուն տեղում չէ, և իրենք էլ շատ կոպիտ և խուճապահար տոնով հրաժարվում էին որևէ հարցի պատասխանել:

Իսկ թե ինչպես կարող ենք հանդիպել թեկնածուին, շտաբից հրաժարվեցին պատասխանել, քանզի պատասխանն ակնհայտ էր. թեկնածուն կրկին խուսափում է հարցազրույցից: