Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական եզրակացության է եկել, համաձայն որի էլեկտրաէներգիան կթանկանա 7 դրամով, ոչ թե 17: Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում այսօր շեշտեց նաև, որ ոչ թե 7 դրամով կթանկանա, այլ՝ 6, 93:
«Հիմա հաշվարկում ենք, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա, բնակչության վրա: Փորձելու ենք նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի իրենք այդ բեռը չզգան»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց նաև, որ մենք հետևանքների մասին բարձրաձայն խոսելու ենք: ԱԺ-ում հունիսի 12-ին լսումեր են լինելու, նախարարությունները կներկայանան և բացատրություն կտան հանրությանը:
«Մենք էլ լինելու ենք շատ թափանցիկ, շատ բաց, որպեսզի հանրությանը բացատրենք այն, ինչ տեղի է ունենալու: Ես չեմ կարծում, որ որևէ խնդիր կարող է լինել, խոսում են մեքենաների մասին և այլն և այլն, նման բաղադրիչ չի ընդունվելու, և դա հանձնաժողովը հայտարարել է, և կարծում եմ, կառավարությունը հետամուտ կլինի»,- ասաց նա: