Տարօրինակ, կարելի է ասել անհեթեթ հայտարարությամբ է հանդես եկել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը, «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում հայտարարելով, թե Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը որևէ հեռանկար չունի:
Անհեթեթ, որովհետև ռուսական ընկերության ղեկավարը չէ, որ պետք է որոշի, թե ինքնիշխան Հայաստանը հաղորդակցության ինչ ուղիներ պետք է կամ կարող է ունենալ իր հարավային հարևանի հետ:
Եվ ապա տարօրինակ, որովհետև «Հայկական երկաթուղիների» կառավարումը ստանձնած ռուսական կողմը առողջ տրամաբանության առկայության պարագայում ինքը պետք է շահագրգիռ լիներ դեպի Իրան երկաթուղու շինարարության հարցում, ավելին՝ մասնակցեր այդ կարևոր նախագծի իրականացմանը:
Սակայն, ռուսական բիզնես մտածողությունը Հայաստանում այնպիսի դրսևորումներ է ունենում, որ նույնիսկ սկսել է մտահոգել Ազգային ժողովի ՀՀԿ-ական մեծամասնությանը:
Օրեր առաջ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ անհարգալից պահվածք դրսևորեց ՀԷՑ-ի տնօրեն Բիբինը, որ արդեն որերորդ անգամ սեփական մենեջմենտի անկարողությունը և ոլորտում տիրող շռայլ ծախսերի բեռը փորձում է բարդել շարքային սպառողի վրա:
Հիմա էլ «Ռուսական երկաթուղիների» նախագահ Յակունինը, որին թվում է, թե հայկական երկաթուղին ընդամենը մետրոպոլիտեն է՝ սահմանափակ երթուղիներով:
Թե ինչո՞ւ Յակունինը չի կարողանում հասկանալ, որ հայկական երկաթուղու ապագան դեպի հարավ և հյուսիս ընդլայնվելու մեջ է, ինչը և փորձում են անել Հայաստանի իշխանությունները, իր խնդիրն է: Սակայն կարծում ենք Յակունինի հայտարարությունը պետք է համարժեք պատասխան ստանա պատկան մարմինների կողմից, առավել ևս, որ նա ընդամենը մեկ տարի առաջ երկաթուղու շինարարությունը համարում էր արդիական:
Հ.Գ. Եթե ձեզ թվում է, թե ձեր գլխում հնչում են ինչ-որ տարօրինակ ձայներ, ապա նախևառաջ ստուգեք՝ հանե՞լ եք արդյոք ականջակալները:
Տիգրանուհի Դավթյան-Facebook