«Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայում նույնպես տարեվերջյան քննությունների շրջան է: Այդ էր պատճառը, որ երեկ՝ հունիսի 8-ին, այդ հրաշալի կրթօջախի պատերի ներսում հավաքվել էին բազմաթիվ անվանի, հանրաճանաչ և սիրված արվեստակիրներ՝ կինո և թատերական գործիչներ, ռեժիսորներ, դերասաններ, հաղորդավարներ, դասախոսներ, որոնցից շատերը հանդիսանում են «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայի տարբեր ժամանակահատվածների շրջանավարտներ:
Երիտասարդ արվեստասերների հետ մեկտեղ հյուրերի ցանկում ներկա էին արդեն կայացած արվեստագետներ, որոնց արդեն սիրում և գնահատում է ոչ միայն հայաստանյան լայն հասարակությունը, այլև արտերկրյա թատերական ու կինո ինդուստրիան:
Բեմական խոսքի դոցենտ, ոչ վաղ անցյալում հայտնի դերասանուհի, դասախոս Գրիզելդա Ամիրյանի բեմական խոսք առարկայի քննությունները մշտապես և ամենուր ավարտվում են ոտնկայս ծափահարությունների և բացառապես բոլոր ներկաների հիացմունքն արտահայտող շնորհավորանքների, բարեմաղթանքների, գովեստի և շնորհակալական խոսքերի ներքո:
Ամեն անգամ նոր, նորովի, արդեն վաղուց Տիկին Ամիրյանին բնորոշ հատուկ ձեռագրով բեմականացված բազմաժանր, ուսուցողական, բազմիմաստ, սքանչելի ներկայացումներն են պատճառը, որոնք միշտ մատուցվում են յուրահատուկ մոտեցմամբ և իրավամբ սիրելի ու գնահատված դարձնում դասամայր Գրիզելդա Ամիրյանին:
Այս անգամն, իհարկե, բացառություն չէր: Շնորհալի ուսանողների շուրթերից հնչեցին դասական գործերից ծաղկաքաղ արված Շիլլերի, Շեքսպիրի, Մոլիերի, Զոշենկոյի, Չեխովի, Թումանյանի, Պարոնյանի և այլոց ստեղծագործությունները: Հիացմունքի արժանի էր նաև հենց Գ. Ամիրյանի ստեղծագործած հայրենասիրական կոմպոզիցիան, որն իր մասնակցությամբ գեղեցկացրեց հարգարժան վարպետը:
Հատկանշական է նշել, որ հանճարեղ դասականների գործերի հետ մեկտեղ բեմից հնչեցին «Հայֆիլմ» կինոստուդիայի շրջանավարտ, հեռուստաֆիլմերի, հեռուստասերիալների, բազմաթիվ հեռուստանովելների և ծրագրերի սցենարի հեղինակ, երիտասարդ սցենարիստ Արսեն Սարգսյանի բանաստեղծությունները, որոնք նույնպես մեծ սիրով ընդունվեցին հանդիսատեսի կողմից և ուղեկցվեցին երկարատև ծափահարություններով:
Արսեն Սարգսյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում նորարական խոհափիլիսոփայությամբ, որտեղ առկա են թե՛ համամարդկային և թե՛ արդի հայկական խնդիրները, որոնք անշուշտ սրտամոտ կլինեն յուրաքանչյուրին՝ առանց ազգային և տարիքային պատկանելիության:
Արսեն Սարգսյանն այն շատերից մեկն է, ով կրթվել, դաստիարակվել և գիտելիքների անբացատրելի պաշար է ստացել «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիա կոչվող սքանչելի կրթօջախում, որը ղեկավարում է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Հենրիկ Մարգարյանը: