Հայերը չունեն վերելակներից օգտվելու կուլտուրա և կարելի է, օրինակ, տեսնել, թե ինչպես փոքր երեխան կարող է խցիկ մտնել միայնակ ու այնտեղ լռվել-մնալ. այս մասին «Վերելակների տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրներն ու առկա օրենսդրական կարգավորումները» թեմայով քննարկմանը հայտարարեց ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, ճոպանուղիների և կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
«Եվ եթե խցիկը կանգ է առնում ինչ-ինչ պատճառներով, կարող են առաջանալ հարցեր, որոնց լուծումները տան ծնողները , ոչ թե փոքր երեխաները։ Կամ հստակ պատկերացում չկա, թե եթե ծնողը երեխայի հետ մուտք է գործում խցիկ, ո՞վ պետք է առաջինը մուտք գործի և դուրս գա, բացեր են, որոնց մասին կուզեի խոսել»,-նշեց Լուսինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին սեփական տանը շահագործվող սեփական վերելակում հնգամյա երեխայի մահվան ողբերգական դեպքից հետո կրկին հնչեղ դարձան վերելակների անվտանգ շահագործման հարցերը:
Ըստ Լուսինե Հովհաննիսյանի` խնդիր է նաև Հայաստանի բազմաբնակարան շենքերի գերակշռող մեծամասնությունում տեղադրված վերելակների պահեստամասերի փոխարինման խնդիրը, քանի որ վերելակաշինական շատ գործարաններն արդեն չեն գործում:
Խնդիր է նաև վերելակների շահագործման էլեկտրամեխանիկների սակավությունը: Միայն Դավիթաշենում շուրջ 370 շենքի վերելակ շահագործում է 4 էլեկտրամեխանիկ:
Անդրադառնալով սեփական տների վերելակներին, բանախոսը նշեց, որ դրանք չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտ և ենթակա չեն ամենամյա տեխնիկական փորձաքննության:
«Սակայն ուզում եմ նշել, որ ՀՀ տարածքում այնքան էլ շատ չեն այն սեփական տները, որտեղ կան վերելակներ»,-ասաց նա:
2013-2014-2015 թթ.՝ 3 տարիների ընթացքում բազմաբնակարան շենքերի վերելակների շահագործման արդյունքում տեղի է ունեցել 3 դժբախտ դեպք. երեքի դեպքում էլ տուժող քաղաքացիները մահացել են։ 2-ը տեղի է ունեցել բնակելի շենքերում, մյուսը՝ հանրային նշանակության կառույցում:


