«Հայ Յեղափոխական Դաշնակցության» հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքն ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քվեարկությամբ դրվեց և միայն երկրորդ անգամ քվեարկություն կազմակերպելու դեպքում ընդունվեց 74 կողմ, 11 դեմ և 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ քվեարկությունը՝ վարման կարգով խոսեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով հիշեցրեց, որ ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի առաջարկները չեն ընդունվել նախագծում, սակայն հասկանալով, որ ներկայացված փաթեթում որոշակի առաջընթաց կա, ԲՀԿ-ն կքվեարկի ձեռնպահ:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նկատեց, որ իրենք ընդդիմադիր եռյակի առաջարկությունների տեքստին չեն միացել միայն տեխնիկական պատճառներով։

«Չգիտեմ ինչն էր, որ գործընկերներս չհասկացան, թե որն էր տեխնիկական պատճառը: Եվ հետո ամբողջ համացանցում հաստատվեց, որ ID քարտերով ընտրություններ են եղել։ Մենք գտնում ենք, որ քվեարկությունը անհրաժեշտ է հետաձգել, եթե ոչ՝ մենք դեմ կքվեարկենք»,-ասաց նա՝ կոչ անելով գործընկերներին կոռեկտության սահմանները չանցնել:

Վարման կարգով խոսեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ով խոսեց ոչ թե նախագծից այլ այսօրվա սպասելիք կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից. «Մի խնդրանք ունեմ, ինչ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել, ես որևէ հարց չեմ կարողացել տալ, դա ոչ թե ցանկություն չլինելու պատճառով է, այլ քաղաքական մեծամասնության կողմից ի հայտ եկած սիրով՝ առ էպիստոլյար ժանրը, որ նամակներ են գրվում ու կարդացվում։ Հետո կառավարության անդամները շնորհակալություն են հայտնում նամակում հնչեցված գեղեցիկ մտքերի համար և այդպես շարունակ: Հորդորում եմ՝ Աստված տվել, չի խնայել՝ բոլորը մի հեռուստատեսություն ունեն, բացեք խրճիթ-ընթերցասրահ, թող բոլորը կարդան իրենց նամակները»,-ասաց նա:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախ արձագանքեց Հեղինե Բիշարյանին և նշեց, որ ID քարտերով ընտրությանը մասնակցելը կանոնակարգի խախտում չէ, ապա խոսելով Արզումանյանի բարձրացրած խնդրի մասին՝ ասաց. «Եթե ուշադիր հետևեք, ապա նախորդ հարցուպատասխանի ժամանակ մեծամասնությունը 2.5, 2.6 հարաբերակցությամբ է գրավոր հարցեր տվել»,-ասաց նա՝ հավելելով, որ նույնքան գրավոր հարցեր են հնչեցրել ընդդիմադիր պատգամավորները:

Հեղինե Բիշարյանը միջամտեց, թե դահլիճում գտնվող ոչ բոլոր պատգամավորներն են, որ իրավամբ աշխատում են, ուստի կոչ արեց աշխատողներին չխանգարել:

«Խորհուրդ կտամ աշխատողների հասցեին որևէ պիտակավորված խոսքեր չհնչեցնել, եթե նման ոճով պետք է խոսեն, դրա համար տեղ կա՝ դահլիճից դուրս, բայց թույլ տվեք դահլիճում վարման կարգը աշխատի»,-ասաց Բիշարյանը, որից հետո հետևեցին ծափահարություններ:
«Հերոսացման գործընթացներն ընդհատենք»,-արձագանքեց Գալուստ Սահակյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ խոսք ուներ ասելու: ԱԺ նախագահը նկատեց. «Հերոսացումը շարունակվում է»: «Ձեզնից էն կողմ էլ ի՞նչ հերոս»,-ասաց Զուրաբյանը՝ ասելով, որ դեմ են քվեարկելու այս նախագծին:

Նախագծի համահեղինակ Արծվիկ Մինասյանը նկատեց, որ 13 առաջարկություններից 8-ն ընդունել են, իսկ մյուսները ոչ թե մերժել են, այլ ասել են, որ համընդհանուր քննարկման առարկա կդարձնեն։

Նախագծի առաջին քվեարկությունը չստացվեց, դահլիճում աղմուկ սկսվեց, ընդդիմադիրները սկսեցին բանավիճել և Գալուստ Սահակյանը նկատեց. «Մեզ հետ կռվեք, գործ չունեք իրար հետ»: