Հայաստան-Պորտուգալիա հանդիպման նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը և թիմի ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը հանդիպում ունեցան լրագրողների հետ:
Բադոյանի համար այս խաղը առաջինը կլինի, եթե մարզադաշտ դուրս գա.
«Հուզմունք, կա բնականաբար, բայց ամեն ինչ կանեմ՝ ինձ լավագույնս դրսևորելու համար:
Պորտուգալիայի հավաքականը շատ ուժեղ մրցակից է, բայց մենք ուսումնասիրել ենք, գիտենք թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը, ու խաղադաշտ ենք դուրս գալու և փորձենք կատարել մարզչի բոլոր կարգադրությունները»,-ասաց Բադոյանն ու լքեց սրահը՝ մարզմանը նախապատրաստվելու:
Հովսեփյանին ուղղված հարցերը շատ էին, միաժամանակ ՝ ոչ այնքան հաճելի: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Արթուր Եդիգարյանին հավաքական չհրավիրելու թեմային:
«Յուրաքանչյուր մարզիչ իր մտածելակերպն ու մտածումներն ունի: Ում էլ չկանչեի՝ նույն հարցերն էին լինելու: Մարզիչն ինքն է որոշում ում պիտի հրավիրի: Եթե ես այդպես եմ համարել ճիշտ, ուրեմն էդպես էլ պիտի լինի:
Դուք ընդամենը լրագրող եք ու այդքան էլ պրոֆեսիոնալ չեք: Դուք չգիտեք՝ Կարլենն ինչ վիճակում է, Եդիգարյանն ինչ վիճակում է...
Ես այդպես եմ որոշել, ուրեմն այդպես էլ լինելու է»,-նյարդայինացած նշեց Հովսեփյանը, իսկ երբ վերջապես հարց հնչեց վաղվա խաղի ակնկալիքներից՝ ժպտաց:
«Մենք հասկանում ենք, որ աստղեր են ժամանել, հասկանում ենք, որ դժվար կլինի, բայց հավատացնում եմ՝ ցանկացած ֆուտբոլիստի դիմաց հնարավոր է ու կարելի է խաղալ, վնասազերծել նրան:
Դժվար կլինի, բայց անհնար չէ: 1-ին անգամը չէ, որ Պորտուգալիայի դեմ ենք խաղում, ու դրական արդյունք ունեցել ենք:
Ուզում ենք լավ, տեսարժան ֆուտբոլ խաղալ: Ու եթե լավ ֆուտբոլ ես խաղում, անհնար է, որ արդյունքը ի վերջո չլինի:
Պորտուգալիան այն հավաքականը չէ, որի կազմում ինչ-որ մեկին կոնկրետ է պետք վերահսկել:
Ի՞նչ նպատակներ են իմ առջեւ դրել: Բնականաբար, հենց այնպես չէի կարող նշանակվել գլխավոր մարզիչ: Քանի դեռ տեսական հնարավորություն կա՝ պայքարելու ենք:
Ի՞նչ անակնկալներ ենք պատրաստել մրցակցի համար: Ճիշտ չի լինի, որ ասեմ: Մենք ամեն բան անում ենք, որ մրցակիցը չիմանա, ներողություն եմ խնդրում, որ չեմ պատասխանում ձեր հարցերին, թե ինչ տակտիկայով ենք խաղալու:
Ո՞վ է փոխարինելու Յուրա Մովսիսյանին: Բնականաբար, կլինի մարդ, ով կփոխարինի Մովսիսյանին: Ու վստահեցնում եմ, որ նա շատ լավ կխաղա, քանի որ ապացուցելու բան ունի»,- ասաց Հովսեփյանը: