Euro-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման նախօրեին լրագրողների հետ հանդիպեցին Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը և հավաքականի ֆուտբոլիստ Տյագու Մենդեշը:
«Մեր մրցակիցը վերջերս բոլորովին այլ, պաշտպանողկան ուժեղ ֆուտբոլ է ցուցադրում, որը, ի դեպ ժամանակին մեզ համար խնդիրներ է առաջացրել: Այժմ նկատել եմ, որ Հայաստանի հավաքականը որոշակի փոփոխություններ ունի խաղաոճում, ունի 3 հարձակվող ու 2 պաշտպան, ովքեր փոփոխություններ են մտցնում հայերի խաղում:
4 խաղում, որ անցկացրել ենք Հայաստանի հավաքականի հետ, մեզ համար Հայաստանի թիմը խնդիրներ է առաջացրել, ու հաղթանակն էլ միշտ նվազագույն տարբերությամբ է եղել, այնպես որ՝ այս հավաքականն ունակ է հաղթանակի:
Եթե Հայաստանի հավաքականը նվաճել է 1 միավոր, ապա լիովին հնարավորություն ունի նաեւ վաղվա խաղում միավոր վաստակելու, սակայն մենք եկել ենք այլ արդյունքի ետևից: Մենք եկել ենք հաղթանակի ետևից:
Մենք հավաքված ենք ու կարող ենք հաղթել:
Ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը լավ է, բայց ավելի կարեւոր է մտավոր, հոգեբանական վիճակը, որը մենք հաղթահարեցինք Վրաստանում՝ հավաքի ընթացքում: Ես լիովին հանգիստ եմ վաղվա խաղից առաջ ու վստահ հաղթանակին:
Փոփոխություննե՞ր կազմում: Խաղի ընթացքում մենք դա կտեսնենք»,- նշեց Սանթուշը:
Մարզիչը վերջում անդրադարձավ նաեւ Վրաստանում հավաք անցկացնելու պատճառներին՝ նշելով, որ ժամային գոտում ու կլիմայական պայմաններին ադապտացվելու համար են մեկնել Վրաստան, ու կգային Հայաստան, եթե խաղը լիներ Վրաստանում: