ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ծրագրերը հայտնվել են ձախողման եզրին: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Դիլիջանում ՀՀ կենտրոնական (ԿԲ) բանկի մասնաշենքը կառուցելուց հետո իշխանությունները պատրաստվում են ԿԲ անձնակազմը տեղափոխել այնտեղ: Նույնիսկ խոստացել են Դիլիջանում բնակվելու դեպքում կրկնակի աշխատավարձ տալ, սակայն ԿԲ աշխատակիցները տարբեր պատճառաբանություններով կտրականապես հրաժարվում են: Փաստորեն, բավական չէ` իշխանությունները հարկատուների հաշվին 70 մլն դրամ են ծախսել ԿԲ շենքը կառուցելու համար, բավական չէ` հարկատուների հաշվին հսկայական թվերի հասնող աշխատավարձ են տալիս նրանց, հիմա էլ փորձում են ՀՀ պետական բյուջեից հավելյալ գումարներ հատկացնել` բարձրացնելով ԿԲ աշխատակիցների աշխատավարձը, միայն թե իրենց պրոյեկտն աշխատեցնեն`արդարացնելով Դիլիջանում այդ շենքի կառուցումը: ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ իրենք նման տեղեկություններ չունեն: