98 տարեկան հասակում մահացել է Լոս Անջելեսի ամենահարուստ մարդը՝ Քըրք Քըրքորյանը, փոխանցում է Los Angeles Times-ը։
Նրա կարողությոնը գնահատվում է 15 միլիարդ դոլար, գրում է պարբերականը։
Քըրքորյանը մահացել երկուշաբթի երեկոյան իր տանը Հիլզում, հաստատել է այսօր, Քըրքորյանի ընկերության գործադիր տնօրեն Էնթոնի Մանդեկիչը։
«Նա եղել է առավել վառ անձնավորությունը երբևէ հանդիպել եմ, շատ հարգալից բոլորի հանդեպ։ Նա իսկապես յուրահատուկ մարդ էր»,- նշել է Մանդեկիչը։
Քըրք Քըրքորյանը սերում է 1890-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։
Մինչև 1935-ը կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ։ Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով (1947-ին գնել է «Los Angeles Air Service» փոքրիկ չարտերային ավիաընկերությունը), ինչպես նաև հյուրանոցային բիզնեսով։
Կառուցել է Լաս Վեգասի «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ։ 1968-ից զբաղվել է կինոգործունեությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր» (մասնաճյուղերով) և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիր բաժնետերն է։ Եղել է «Քրայսլեր Քորփորեյշնի» բաժնետերը։
Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։ Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։
2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար շնորհվել է Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում Հայաստանի ազգային հերոս։