Այսօր՝ հունիսի 17-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից քննարկվում է ՀԷՑ- ներկայացրած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հայտը: Հայտի քննարկմանը այս անգամ ևս ներկա չի գտնվել ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը: 

Նախօրեին նա տեղեկացրել էր. «Հայտնում եմ 17.06 ՀԾԿՀ նիստին մասնակցելու անհնարինության մասին մի շարք հանգամանքներով: Խնդրում եմ երեկ ՀԾԿՀ ուղարկած գրությունը ընդունել որպես պաշտոնական դիրքորոշում։ Հարգանքով` Բիբին»:

Հարգանքներով թե՞...

Պարոն Բիբինի այսպիսի դիրքորոշումը և այսպես կոչված «քաղաքավարի» պատասխանը իսկապես դուրս է գալիս բարոյականության սահմաններից: Բիբինի արհամարհական պահվածքը ևս մի վառ վկայությունն է մեր կառավարական համակարգում գործող ամենաթողության: 

Ե՛վ Ռոբերտ Նազարյանը, և՛ Երվանդ Զաքարյանը արժանի են նման վերաբերմունքի, քանի որ տարիներ շարունակ նրանց կողմից թույլ տրված ամենաթողության մթնոլորտը, բնական է, պետք է հանգեցներ նման արդյունքի: 

Բիբինը թքած ունեցավ նաև մեզ՝ սպառողներիս վրա՝ չբարեհաճելով անգամ ձևական հետաքրքրվածություն ցուցաբերել խնդրի առընչությամբ: Նա իր պահվածքով ասաց՝ «ես իմն ասել եմ, ինչ ուզում եք արեք...»: 

Իսկ եթե լինենք ավելի իրատես, պետք է նշենք, որ Եվգենի Բիբինը հանդիսանում է ընդհամենը մի մասնավոր ձեռնարկության տնօրեն և լիիրավ է չներկայանալ հայտի քննարկմանը, ինչը սակայն չի արդարացնում նրա նման արհամարհական պահելաձևը: Մյուս կողմից էլ՝ Բիբինը իսկապես ընդհամենը մի մասնավոր ձեռնարկության տնօրեն է, ով չի կարող որևէ կերպ ազդել պետական մակարդակով ընդունվող որոշումների և պետական այրերի վրա:

Ամենաթողության մթնոլորտը պետք է վերացնել. տուժում են ոչ միայն մեծահարուստ չինովնիկները, այլև հասարակ մարդիկ: