Ոսկերչական իրերի վաճառքով զբաղվողների համար հաստատվել է նոր հարկատեսակ: «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված նոր փոփոխության համաձայն՝ մինչև 70 սմ սեղանիկների համար ոսկերիչները պետք է վճարեն ամիսը 35 հազար դրամ հաստատագրված վճար, իսկ եթե այդ սահմանը անցնի, ապա յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար պիտի վճարեն 5 հազար դրամ:
Ոսկերիչների մի մասը բողոքում է այս նոր կարգից՝ նշված հարկատեսակը համարելով իրենց համար բարձր գումար: Նրանք առաջարկում են սահմանել 1 տոկոսի հարկ՝ շրջանառության ծավալի չափով:
Այստեղ հետաքրքիրն այն է, որ նախկինում ևս ոսկերիչները վճարում էին շրջանառության հարկ 3,5 տոկոսի չափով և նույնպես բողոքում էին շրջանառության հարկի չափաբաժնից: Բացի այդ շրջանառության հարկի պարագայում շրջանառությունը թաքցնելու և համապատասխան հարկերից խուսափելու խնդիր կա, քանի որ ոսկերիչները կարող են ցույց չտալ իրական շրջանառության ծավալը:
Այս առումով պրակտիկան ցույց է տալիս, որ ֆիքսված 35 հազար դրամի չափով հարկումը ավելի պարզեցված և օպտիմալ տարբերակ է, ինչը հնարվորոթյուն է տալիս հարկել տնտեսվարողներին նվազագույն չափով: Սակայն խնդիրն այլ է, եթե ոսկերիչները, նոր հարկատեսակի սահմանումը համարելով անարդյունավետ, ցանկանում են շրաջանառության հարկի գործարկմամբ իրենց շրջանառությունը թաքցնել և ըստ այդմ խուսափել նախատեսված չափով հարկերը վճարելուց:
Եթե ոսկերիչների որոշ ներկայացուցիչների տրամաբանությամբ շարժվենք, ապա նույն կերպ ներկրողները կամ առևտրի այլ ոլորտի ներկայացուցիչները կարող են առաջարկել իրենց համար սահմանել այնպիսի հարկատեսակ, որը հնարավորություն կտա վճարել նվազագույն չափով կամ թաքցնել առևտրաշրջանառության մակարդակը:
Իսկ ինչ վերաբերում է ոսկերիչների այն հիմնավորումներին, թե դժգոհ են ֆիքսված հարկատեսակից, քանի որ առևտրի ծավալները նվազել են՝ պայմանավորված երկրի տնտեսական ծանր իրավիճակից, ապա դրանք արժանահավատ չեն, քանի որ ստեղծված տնտեսական իրավիճակը չի կարող լինել մշտական, և բացի այդ առևտրի ծավալների ժամանակավոր նվազումը չի կարող ենթադրել հարկատեսակի փոփոխության անհրաժեշտության առաջացում:
Ելնելով նրանից, որ ոսկերիչների որոշ ներկայացուցիչների բողոքները իրական հիմնավորումներից զուրկ են, կարելի է ենթադրել, որ հարկատեսակի փոփոխության հարցում ավելի շատ շահագրգռված են այն ոսկերիչները, որոնք մեծ ծավալի շրջանառություն ունեն փորձում են սողանցքներ գտնել իրենց իրական շրջանառությունը ցույց չտալու համար:
Նարեկ Պողոսյան-Facebook