Ինչպես հիշում եք, հունիսի 13-ին կայացած Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա հանդիպման 44-րդ րոպեին հայ երկրպագուներից մեկը  հայտնվեց խաղադաշտում:  

Ինչպես հետագայում պարզվեց, այդ երիտասարդը անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին էր՝ Շահեն Հարությունյանը, ով իր ակցիայով պահանջում էր ազատ արձակել հորը:

Խաղի մոտ մեկ րոպեով դադարեցվեց, քանի որ Շահենը վազում էր խոտածածկի վրայով, և ոտսիկանները որոշակի ջանքեր գործադրելուց հետո միայն կարողացան նրան դուրս բերել խաղադաշտից: 

ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնադրությամբ նման միջադեպերի համար սահմանված են բավական մեծ տուգանքներ եւ պատժամիջոցներ: Մասնավորապես, եթե խաղադաշտ դուրս եկած անձի պատճառով խաղը դադարեցվում է, հյուրընկալող կողմը կարող է տուգանվել 80-ից 130 հազար եվրոյով: Բացի այդ, Շահեն Հարությունյանը խաղադաշտ է ներխուժել քաղաքական պաստառով, ինչը եւս ՈւԵՖԱ-ի կանոնադրությամբ կոպիտ խախտում է:

Նման միջադեպերի կրկնության դեպքում Հայաստանը կարող է առանց հանդիսականների անցկացնել առնվազն մեկ հանդիպում: