«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան երկար ժամանակ է, ինչ չի մասնակցում ՀՀ ներքաղաքական կյանքին, և ակտուալ հարցերի վերաբերյալ իր տեսակետը տևական ժամանակ չի արտահայտում:

Պարզվում է` պատճառն այն է, որ Հովհաննիսյանը «անհիշելի ժամանակներից» բնակություն է հաստատել Արևմտյան Հայաստանում: Եվ, ըստ ամենայնի, Րաֆֆին Արեւմտյան Հայաստանում կմնա դեռ երկար ժամանակ. հնարավոր է՝ նույնիսկ մշտական բնակություն հաստատի այնտեղ:

Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր շրջապատին հայտնել է, թե ցանկանում է Արևմտյան Հայաստանում հիմնել հայկական կրթօջախներ, հայապահպանությանը նպաստելու նպատակով դասախոսություններ կարդալ: Նա ասել է, որ առայժմ գնում է ուսումնասիրելու, թե արդյոք կարող է այդ ծրագրերն իրագործել, և եթե ամեն ինչ իր սրտով լինի, կտեղափոխվի և բնակություն կհաստատի Արևմտյան Հայաստանում:

Ավելին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներից մեկը նույնիսկ նշել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ խնդիրներ ունի Արևմտյան Հայաստանում լուծելու, որոնցից առաջնահերթը Արեւմտյան Հայաստանի ազատագրումն է:

Ինչպես երևում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը «հայկական ազատագրական շարժումը» նոր փուլ է թևակոխում, սակայն հայտնի չէ, թե ինչ ճանապարհով է սկսելու «Արևմտյան Հայաստանի» ազատագրության գործընթացը: Տրամաբանությամբ առաջնորդվելով` կարող ենք ասել, որ առավել հավանական տարբերակը` «հայդուկային պայքարն» է:
Եթե մի օր լսենք, որ Մուշում, Վանում կամ Արդահանում հեղափոխություն է սկսվել, ապա պետք է հասկանանք, որ Րաֆֆու գործունեության արդյունքն է: Ավելին՝ Րաֆֆին կարող է ստանձնել «Օջալանի դերը» և այն ինչ չստացվեց Հայաստանի Հանրապետությունում, իրականցնել Արևմտյան Հայաստանում, այն է՝ իր ուժերը փորձել քաղաքական ասպարեզում և հաղթել քրդաթուրքական ուժերին:

Րաֆֆին լավ կանի նաև իր կուսակցությունը ևս տեղափոխի Արևմտյան Հայաստան և դրա հիմքի վրա ստեղծի «Հայրենիքի փրկության կոմիտե»:

Թե ինչ երազ է տեսել Րաֆֆին, դժվար է ասել, բայց ինչպես ցանկացած երազ Րաֆֆու այս երազը նույնպես շատ շուտով կանցնի ու կմնա միայն դաժան իրականությունը:

Հգ. Տեսնելը հեշտ է, կանխատեսելն է դժվար…(Բենջամին Ֆրանկլին):

Նարեկ Պողոսյան-Facebook