ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարի բացման նստաշրջանին.
«Հարգելի նախագահող,
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հարգելի փոխնախագահ,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարը: Ողջունում եմ միջոցառման բոլոր մասնակիցներին և բարի գալուստ մաղթում արտերկրից ժամանած մեր հյուրերին:
Վերջին տարիներին միջազգային հարաբերություններում ծավալվող նորօրյա մարտահրավերները, անվտանգության միջավայրի սպառնալիքները, որոնք եկել են գումարվելու դեռևս լուծման կարոտ հիմնահարցերին, առավել արդիական են դարձնում նման քննարկումները: Հուսով եմ, որ երևանյան սեմինարը հնարավորություն կտա անդրադառնալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրներին և արդյունավետ ներդրում կկատարի դրանց հանգուցալուծմանն ուղղված քննարկումներում:
Միջազգային հարաբերություններում աննախադեպ փոխկապակցվածության և փոխազդեցությունների արդի դարաշրջանում մարդկության առջև ծառացած մարտահրավերների լուծումը համատեղ և համերաշխ ջանքեր է պահանջում: Հայաստանը ևս փորձում է իր նպաստը բերել միջազգային անվտանգության ամրապնդման գործընթացներում և այդ առանցքում կարևոր դեր է հատկացնում ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերություններին:
Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը դեռևս 1990-ականների սկզբից ընթանում է Գործընկերություն հանուն խաղաղության և Եվրատլանտյան գործակցության խորհրդի, ինչպես նաև՝ համաձայնեցված երկկողմ ծրագրերի իրականացման շրջանակներում: 2006թ.-ից ի վեր մեր համագործակցության հենքն է հանդիսանում Անհատական գործընկերության գործողության ծրագիրը, որի հերթական փուլը գտնվում է իրականացման ընթացքում:
Մեր օրակարգային առանցքային թեմաներից է քաղաքական երկխոսությունը անվտանգության խնդիրների շուրջ: Այն պարբերաբար ընթանում է տարբեր մակարդակներով, ներառյալ՝ ամենաբարձր: Այդպիսի առիթ ներկայացավ 2014թ. սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՆԱՏՕ-ի՝ Ուելսի գագաթաժողովին` Աֆղանստանի՝ Միջազգային անվտանգության աջակցության ուժերին ներդրում կատարող երկրների ձևաչափով:
Հայաստանի արտգործնախարարը 2014թ. դեկտեմբերին Բրյուսելում մասնակցեց “Հաստատակամ աջակցություն” առաքելության մեկնարկի նախարարական հանդիպմանը և վերահաստատեց առաքելությանը հայկական կողմի մասնակցության որոշումը: Ինչպես գիտեք, դեռ 2010թ. փետրվարից Հայաստանը ներգրավվեց Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցության ուժերում, մեկ տարի անց` 2011թ. հուլիսին, եռապատկելով իր զորախմբի թվաքանակը: Այս տարվա հունվարից հայկական զորախումբը շարունակում է իր ծառայությունն արդեն նոր` «Հաստատակամ աջակցություն» առաքելության շրջանակներում: Անցած տարիների ընթացքում հայ խաղաղապահները փոխգործակցության անգնահատելի փորձ ձեռք բերեցին Միջազգային անվտանգության աջակցության ուժերի շրջանակում:
Հայաստանը շարունակում է նաև իր մասնակցությունը Կոսովոյում խաղաղության հաստատման առաքելությանը:
Հյուսիսատլանտյան դաշինքի հետ առարկայական համագործակցություն է ծավալվում նաև պաշտպանական բարեփոխումների, արտակարգ իրավիճակների, հանրային դիվանագիտության և այլ ոլորտներում:
Մենք առանձնակի կարևորում ենք նաև Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության խորհրդարանական ձևաչափը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ակտիվ մասնակցությունը, որի վկայություններից է և այս սեմինարի անցկացումը:
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, ուր առկա են տարաբնույթ մարտահրավերներ: Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող զարգացումները, որոնք հաճախ մեր անմիջական ներգրավումը չեն ենթադրում, անխուսափելիորեն իրենց ազդեցությունն են ունենում տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների անվտանգության վրա: Այդպիսին է մասնավորապես ճգնաժամային իրավիճակը Սիրիայում և Իրաքում, Մերձավոր Արևելքում՝ Իսլամական պետություն, Ալ-Նուսրա և այլ ահաբեկչական կազմակերպությունների գործունեության արդյունքում:
Այդ իսկ հասկանալի պատճառով Հայաստանը զգայուն է անվտանգության միջավայրի փոփոխություններին և հանդես է գալիս առկա բոլոր խնդիրները քաղաքական բանակցությունների, փոխհամաձայնության և խաղաղ միջոցներով լուծման օգտին: Մենք մեր հերթին պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում անել այն, ինչն անհրաժեշտ է` կանխելու անցանկալի զարգացումները:
Հայաստանը հանդիսանում է «համագործակցային անվտանգության սկզբունքի» կողմնակից և գործնականում կիրառում այն: Լինելով Հավաքական անվտանգության կազմակերպության ակտիվ անդամ՝ մենք, միաժամանակ, վստահելի գործընկեր ենք ՆԱՏՕ-ի համար: Հանդես ենք գալիս նաև տարբեր պաշտպանական, անվտանգության կառույցների միջև հնարավորինս համակողմանի համագործակցության զարգացման օգտին, քանզի համոզված ենք, որ անվտանգության առավել բարձր և կանխատեսելի մակարդակ կարելի է ապահովել միայն երկխոսության, փոխգործակցության, սպառազինությունների վերահսկման, վստահության ամրապնդման, առանց բաժանարար գծերի, միասնական և անխախտ անվտանգության միջավայրի ձևավորման միջոցով:
Դա վերաբերում է և մեր տարածաշրջանին` Հարավային Կովկասին, որը կարիք ունի ընդհանուր անվտանգության միջավայրի գիտակցության արմատավորման: Այդ գիտակցության պարագայում անիմաստ կդառնան հակամարտությունների կարգավորման գործընթացներում միակողմանի, անզիջում դիրքորոշումները, փակ սահմանները և այլ երևույթներ, որոնք հարիր չեն մեր դարաշրջանին:
Տիկնայք և պարոնայք,
Այսօր միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների որոնման վրա: Հայաստանին և Ուկրաինային կապում է ոչ միայն բազմադարյա բարեկամությունը մեր երկու ժողովուրդների միջև, այլև՝ Ուկրաինայում ապրող բազմահազարանոց հայ համայնքի առկայությունը: Հայաստանը ողջունել է Մինսկի գագաթաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի Նախագահների և Գերմանիայի Կանցլերի կողմից համատեղ հռչակագրի ընդունումը, ինչպես նաև՝ Մինսկի պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ Կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը: Լիահույս ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի ճգնաժամի համապարփակ կարգավորման համար:
Տիկնայք և պարոնայք,
Հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային նշանակություն ունի: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, և հնարավոր չէ մեկ ընդհանրական բանաձև կիրառել դրանց կարգավորման նպատակով: Հակամարտությունների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը պետք է ընթանան համաձայնեցված հատուկ բանակցային ձևաչափերի շրջանակներում և պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել այդ բանակցային գործընթացները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, և կարևոր է ոչ միայն ձևական, այլ նաև գործնական աջակցություն ցուցաբերել եռանախագահների կողմից գործադրվող ջանքերին` ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:
Հայաստանը գնահատում է ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, որն ուղղված է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային միջոցներով կարգավորմանը: Սակայն անընդունելի են նշված մոտեցմանը հակառակ` Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը չհամապատասխանող ՆԱՏՕ-ի որոշ փաստաթղթերում առկա ձևակերպումները, որոնք արդյունք են հանդիսանում, ինչպես Ուելսի գագաթաժողովում նշեց Նախագահ Սարգսյանը՝ «սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի լոբբինգի»: Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ դա լուրջ խոչընդոտ է հանդիսանում հիմնախնդրի կարգավորման համար:
Տիկնայք և պարոնայք,
Անդրադառնալով ԼՂ հակամարտության ներկա փուլին՝ պետք է նշել, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ոչ միայն հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, այլև՝ վստահության ամրապնդման միջոցների իրականացման վերաբերյալ: Այդ առաջարկներն արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան:
Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ: Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար:
Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները Բաքվին «խիստ մտահոգություն հայտնեցին շփման գծի և Հայաստան - Ադրբեջան սահմանի երկայնքով ներխուժումների առնչությամբ»: Նրանք ուղղակիորեն կոչ արեցին «Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Համանախագահները հարկադրված էին Բաքվին հիշեցնել իրենց մանդատի մասին և մտահոգություն հայտնել ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների նկատմամբ Բաքվից հնչող քննադատության վերաբերյալ: Կարևոր է, որ համանախագահները հստակորեն մատնանշեցին բռնության պատասխանատու, ապակառուցողական կողմին: Սակայն, ոչինչ չի զսպում Ադրբեջանին:
Ադրբեջանական սադրանքները արտահայտվում են նաև մշտական ռազմատենչ հռետորաբանությամբ և հակահայկական ատելության քարոզով: Ադրբեջանը, որը վերջին տասը տարում երեսուն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, շարունակաբար սպառնում է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Ադրբեջանում այն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, շինծու մեղադրանքներով հայտնվում են ճաղերի հետևում: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը բաձրաձայն պետք է դատապարտի նման կեցվածքը, որը միայն փակուղի է տանում և առաջին հերթին՝ ադրբեջանական հասարակությանը:
Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել և մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին շարունակելու ջանքերն` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Տիկնայք և պարոնայք,
Ինչպես հայտնի է, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Անցյալի ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց կանխարգելման հիմնական գործոններից մեկն է։ Ահա թե ինչու պետությունները չպետք է ստորադասեն այս վեհ նպատակը որևէ աշխարհաքաղաքական հաշվարկների և նեղ շահերի։
Օգտվելով առիթից՝ կցանկանայի մեկ անգամ ևս մեր երախտիքի խոսքն ուղղել բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք վերջին ամիսների ընթացքում իրենց որոշումներով, բանաձևերով և հայտարարություններով ճանաչեցին կամ վերահաստատեցին Հայոց ցեղասպանության ճանաչումը` իրենց նպաստը բերելով մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը, կոչ արեցին Թուրքիային անել նույնը և կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
Տիկնայք և պարոնայք,
Ռոզ-Ռոթ սեմինարը և նման այլ բնույթի միջազգային միջոցառումները պետք է ծառայեցվեն կառուցողական երկխոսության նպատակներին: Այդ երկխոսությունն անհրաժեշտ նախապայման է՝ ճգնաժամերը կանխելու և առավել ևս դրանք կարգավորելու համար: Այն անհրաժեշտ նախապայման է արդեն իսկ գոյություն ունեցող և մեր առջև ծառացող նոր մարտահրավերներին համարժեք և արդյունավետ դիմակայելու համար:
Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել սեմինարի մասնակիցներին և ցանկանալ արդյունավետ քննարկումներ առաջիկա երեք օրերի ընթացքում:
Շնորհակալություն»: