Երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ինքը համամիտ չէ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, ով նշել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքերն ու ոտքերը կապված են, ինչի պատճառով էլ նա չի կարող նորմալ աշխատել:
«Ես տարբեր վարչապետներ և կառավարություն եմ տեսել: Տիգրան Սարգսյանը, որպես վարչապետ, այս 5 տարիներին ունեցել է բացարձակ հնարավորություններ իրականացնելու իր այն ծրագրերը, ինչ-որ ինքն ուզել է: Նա այն եզակի վարչապետներից է, որ ինչ օրենք բերել է ԱԺ, անցել է: Մենք ունեցել ենք շատ վարչապետներ, ովքեր մի քանի փորձից հետո նոր միայն կարողացել են օրենքները ընդունել: Տիգրան Սարգսյանն ունեցել է Հայաստանի Ազգային ժողովի բացարձակ աջակցությունը: 5 տարվա ընթացքում վարչապետն ունեցել է «քարտ-բլանշ» իր ուզած օրենքները բերելու և այդ օրենքներն անցկացնելու: Այսինքն քաղաքական անհրաժեշտ աջակցություն նա ստացել է: Այս իմաստով ես Վազգեն Մանուկյանի հետ համաձայն չեմ: Բացի դա Տիգրան Սարգսյանը հնարավորություն է ունեցել ազատորեն իր ուղերձները հասցնի, այսինքն լիարժեք այդ մարդը կառավարել է»,-իր խոսքում նշեց Արթուր Բաղդասարյանը, ավելացնելով, որ այսօր վարչապետը գլխավորում է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը և կարող է պայքարել մենաշնրհների և մոնոպոլիայի դեմ:
«Ինչ-որ մեկը վարչապետին չի խանգարում հակակոռուպցիոն միջոցառումներ կազմակերպելու հարցում: Մեր վարչապետն անգլիական թագուհի չէ, մեր վարչապետը իսկապես իշխանություն, լծակներ ունեցող սյուբեկտ է»,-ասաց Արթուր Բաղդասարյանը: