Այսօր Ղազախստանի Ալմաթա քաղաքում տեղի է ունենալու հանդիպում Մեծ վեցնյակի և Իրանի միջև, որը երկու տարվա մեջ այս բնույթի հինգերորդ հանդիպումն է: Այս մասին նշում է Al jazeera գործակալությունը:
Մեծ վեցնյակի պետությունները հուսով են, որ Իրանը կընդունի տնտեսական պատժամիջոցները մեղմացնելու իրենց վերջին առաջարկությունը ի պատասխան վերջինիս ատոմային ծրագրում որոշ սահմանափակումների:
«Իրանից է կախված ապացուցելու, որ իր ատոմային ծրագիրը միայն խաղաղ բնույթ է կրում և հուսով եմ, որ այս հանդիպման ժամանակ կողմերը կարձանագրեն որոշակի առաջընթաց»,-այս մասին նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Իր հերթին Սայիդ Ջալիլին Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ելույթ ունենալով Ալմաթայի համալսարանում, նշել է. «Մենք հուսով ենք, որ բանակցությունները կսկսվեն մեկ արտահայտությամբ, որով կողմերը կընդունեն Իրանի` ուրանի հարստացման իրավունքը»:
Հիշեցնենք, որ աշխարհի մեծ պետությունները և մասնավորապես ԱՄՆ և վերջինիս դաշնակիցները նշում են, որ Իրանը ցանկանում է ստեղծել ատոմային ռումբ:
Դրան հակառակ Իրանը մերժում է իր նկատմամբ հնչող մեղադրանքները և շեշտում, որ ուրանի հարստոցումը կրում է բացառապես խաղաղ բնույթ տնտեսությունը զարկ տալու նպատակով: