Ռուսական առաջին ալիքի գլխավոր պրոդյուսեր Կոնստանտին Էռնստը համարում է, որ Վլադիսլավ Լիստևի սպանության պատվիրատուն եղել է գովազդային մագնատ Սերգեյ Լիսովսկին և ոչ օլիգարխ Բորիս Բերեզովսկին, որը Լիստևի սպանության հետ «ոչ մի կապ չունի»:

Այս մասին վերջինս նշել է Сноб լրատվական կայքի լրագրող Եվգենի Լեվկովիչին տրված հարցազրույցի ժամանակ: Նշվում է նաև, որ Էռնստը հոդվածի հրատարակվելու համաձայնություն չի տվել և այն մասին, թե Լիսովսկին է եղել իրական պատվիրատուն Էռնստն ասել է միայն ձայնագրիչն անջատելուց հետո: 
Հիշեցնենք, որ ОРТ-ի գլխավոր տնօրեն Վլադ Լիստևը սպանվել էր 1995 թվականի մարտի մեկին Նովոկուզնեցկ փողոցի վրա գտնվող իր տան մուտքի մոտ: Մինչև այժմ հանցագործությունը չի բացահայտվել: 2010 թվականին Գալինա Ստարավոյտովայի սպանության կազմակերպիչ Յուրի Կոլչինը հայտնել էր, որ սպանությունը կատարել են տամբովյան հանցագործ խմբի պարագլուխներ Վլադիմիր Կումարինի և Կոնստանտին Յակովլովի կողմից, իսկ պատվիրատուն եղել է Բորիս Բերեզովսկին: