Երեկ դիտեցի «Ռ-Էվոլուցիա» հաղորդաշարի հերթական հաղորդումը և սրտանց ուրախացա:
Պարզվում է, որ արդեն տարուց ավել է, ինչ Հայաստանում մեծ թափով արվում է լավ գործ: Ասեմ ավելին. Շատ լավ գործ է արվում:
Իհարկե, բացառիկ երևույթ է, որ Հայաստանում շատ լավ գործ է արվում (խոսքս լայնածավալ, համահայկական նշանակության գործի մասին է), բայց հաստատ արվում է, հավատացեք: Չհավատացողներին խորհուրդ եմ տալիս դիտել այդ հաղորդումը և, ինչպես ես արեցի, փնտրել համացանցի տարբեր կայքերում հոդվածներ տվյալ «Շատ լավ գործի» վերաբերյալ:
Գործը կայանում է նրանում, որ Արթուր Ջանիբեկյանի ցանկությամբ, շնորհիվ, նախաձեռնությամբ և գրպանի պարունակությամբ (ի դեպ ոնց հասկացա շատ թանկարժեք է) ստեղծվել է «Մշակութային վերածնունդ» անունով մի հիմնադրամ, որը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծն է իրականացնում:
Նախագծի նպատակը (և ուրախությանս պատճառը) այն է, որ ստեղծվի միջազգային չափանիշներին համապատասխան հայկական ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան, որի շրջանակներում հայկական ազգային երաժշտության ոսկե հավաքածու համարվող ստեղծագործությունների մոտ 600 օրինակ կընդգրկվեն մեկ ձայնադարանում:
Այսինքն. մեր ազգային հարուստ մշակույթի վաղուց մոռացված, բայց անչափ արժեքավոր երաժշտություններից ու երգերից ընտրվել են հարյուրավորները, որոնք կձայնագրվեն ու թվային տարբերակով կտեղադրվեն համացանցում:
Իսկ դա նշանակում է, որ «Մե՛ր մշակույթը, մե՜ր մշակույթը», որ մարդիկ էդքան խոսում, բայց բան չեն անում... այ, էդ մշակույթը կվերածնվի... մեր ԿՈՄԻՏԱՍԻ բազմամյա չարչարանքը, որն արդեն ջուրն էր ընկել, ջրից կհանվի, ճերմակ բամբակյա սրբիչով կչորացվի, կմաքրվի, կթարմացվի ու բոլորիս մատչելի ձևով կդրվի արժանի վայրում (ինչպես հասկացա՝ Մատենադարանում):
P.S. Շուտով բոլոր ցանկացողները ինտերնետում կարող են լսել իսկական հայկական երգ ու երաժշտություն, ոչ թե... տրամադրությունս բարձր է, չեմ ուզում ոչ ոքի վիրավորել:
Ես ոչ մի կապ չունեմ էտ տղու հետ, բայց սրտանց ասում եմ. «Հալալա Արթուր Ջանիբեկյանին... վստահ եմ, որ շատերը համակարծիք կլինեն հետս ու էլի կասեն «հալալա»:
Արսեն Սարգսյան՝ ֆեյսբուք