Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության երթի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է․

«Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր: Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, կազմակերպիչները ոստիկանության օրինական պահանջներին չեն ենթարկվում»:

Նշելով, որ պարտավոր է «բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց», ոստիկանությունը զգուշացնում է․ - «Երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այլևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի:

Ոստիկանությունը զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»:

Նշենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության մասնակիցները շարժվեցինդ եպի բաղրամյան փողոց, որտեղ և փակեցին ճանապարհը: Նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ պատրաստ է ընդունել հոսանքի թանկացման դեմ բողոքող 3-4 ակտիվիստների, այն դեպքում եթե մյուսները չգնան դեպի նախագահի նստավայր ու վերադառնան Ազատության հրապարակ: