Ինչպես հայտնել ենք, այսօր առավոտյան ՀՀ ոստիկանության կողմից իրականացվեցին բարբարոս գործողություններ Բաղրամյան փողոցում նստացույցը ցրելու համար:

Այս մասին տեղեկություններ ստանալու համար YerevanNews.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հետ, որտեղից էլ հայտնեցին, որ արդյունքում բերման է ենթարկվել 237 մարդ: 

Նշենք, որ երեկ «Ոչ թալանին» նախաձեռնության մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան փողոց, որտեղ և փակեցին ճանապարհը: Նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ պատրաստ է ընդունել հոսանքի թանկացման դեմ բողոքող 3-4 ակտիվիստների, այն դեպքում, եթե մյուսները չգնան դեպի նախագահի նստավայր ու վերադառնան Ազատության հրապարակ: 

Այսօր ոստիկանությունից, սակայն, հրաժարվեցին պարզաբանել, թե բերման ենթարկվածներից քանիսն են լրագրողներ, իսկ քանիսը ցուցարարներ՝ նշելով, որ մանրամասները ներկայացված են տարածված հայտարարությունում:

Վերոնշյալ հաղորդագրության մեջ, սակայն, կարող ենք գտնել միայն ոստիկաններին «արդարացնող» օրենքից քաղվածներ և ոչ մի տեղեկություն ավելի: Եթե ոստիկանության հայտարարությունը չառաջացներ անսահման բարկություն, ապա անպայման շատ զվարճալի կլիներ: