Ինչպես արդեն հայտնել ենք «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը, լավ հասկանալով վերոհիշյալ սուբյեկտների անընդունելի քայլերը, հայտարարում էր, որ «մենք մնում ենք մեր պահանջներում հաստատուն և կոչ ենք անում ազգաբնակչությանը՝ չտրվել խաբեությունների ու էլ ավելի մեծ թափով շարունակել պայքարը մինչ լիարժեք հաղթանակ՝ ոչ մի լումա ավել և վերանայել ներկա սակագինը՝ իջեցման նպատակով»: 

Բազմիցս անդրադարձել ենք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, ինչը դարձել էր մեր հասարակության վերջին օրերի անքնության պատճառը՝ անքուն օրեր, որի մտավախության պատճառը անլույս օրերն են... անլույս բոլոր առումներով:

Այսօր՝ հունիսի 23-ի առավոտը սարսափեցրեց հասարակությանը... կոտրեց մեր ազգի մեջքը՝ կեղտոտ ձեռքեր բարձրացնելով երիտասարդության վրա... 

Տեսարանը սահմռկեցուցիչ էր. ոստիկանները բռնության էին ենթարկում երիտասարդությանը՝ հարվածելով, քաշքշելով, կիրառելով ջրցան մեքենաներ: 

Այդ ջրցան մեքենաների կիրառումն ու քաղաքական գործիչների գործիքները՝ «ոստիկան» անունով, իրենց վայրագությամբ երևի թե ոչ այնքան ֆիզիկապես էին ցավեցնում երիտասարդությանը, որքան հոգեպես՝ փորձելով վայր գցել հայ սյունը՝ երիտասարդությանը.... փորձեցին վերջնականապես բնաջնջել այն վաղվա օրվա հույսը, որ ուներ երիտասարդը.... 

Հասարակության մեջ կային քաղաքացիական հագուստով «արարածներ», ովքեր քաշքշում էին, ցավ պատճառում՝ ինչպես կանեին թշնամուն.... մի տեսակ կասկած ունեմ, որ դրանք հայեր էին...ամբոխում կային ուժ գործադրող «թուրքեր»: Միայն իմ դարավոր թշնամուն՝ թուրքին է հատուկ ձերք բարձրացնել տարեցի, կնոջ, քրոջ, մոր վրա...

Այդ բոլոր հարվածներն զգում եմ մեջքիս, այնքան ուժեղ, որ չեմ կարողանում աշխատել: Ուզում եմ հանել կոշիկներս ու ոտաբոբիկ փախչել, հնարավորինս շուտ՝ կարևոր չէ որ հատվածից հատել սահմանը՝ ետևումս թողնելով «Իմ երազ Հայաստանը»....

Անուշ Զոհրաբյան

Լուսանկարը՝ ֆոտոլուր