2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել և հարուցված քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ և դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ:

2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը` սկսած ժամը 19.30-ից տևական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը` դրանով իսկ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը: 

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։

Նկատի ունենալով, որ նկարագրվածի պայմաններում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը և հիմքը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության` խուլիգանության հանցակազմի հատկանիշների առերևույթ առկայության մասին բավարար տվյալներ, ուստի 22.06.2015թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

22.06.2015թ. քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե` նախաքննություն կատարելու համար:

Դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել և քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ և դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ:

Քննչական կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ` բաղկացած 20 քննիչներից:


Կատարվել է դեպքի վայրի զննություն: Ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանցից ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից հարցաքննվել է շուրջ 40 անձ, մի շարք անձանց հարցաքննություններ ընթացքի մեջ են:

Նշանակվել են դատաբժշկական, նյութագիտական և քրեագիտական փորձաքննություններ:

Կատարվել է հարցում Երևանի քաղաքապետարան, օպերատիվ հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության բաժիններին և Երևան քաղաքի վարչությանը:

Նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում: