«Ոչ թալանին» նախաձեռնությունն արդեն մի քանի օր է՝ պայքարում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել և հիշեցնել ակցիայի բուն նպատակը. ցուցարարները դեմ են հոսանքի թանկացմանը և չեն ուզում վճարել ավել գումար... Սա է ակցիայի կազմակերպիչների հիմնական պահանջը:
Ինչո՞ւ սա ասացի: Ժամեր առաջ տեղի ունեցածից հետո ռուսական մի քանի լրատվամիջոցներ, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածին, փորձում էին զուգահեռներ տանել սակագնի թանկացման դեմ ակցիայի և կիևյան Մայդանի միջև: Վերջիններս շեշտում էին, թե «Երևանում մայդանի նախանշաններ են», «սա նման է կիևյան ցնցումներին» և այլն:
Մասնագետներից մեկն էլ ասել է. «Իհարկե, դեռ սա չի կարելի համեմատել Կիևի ցույցի հետ, սակայն այն, որ նույն սցենարով է այն շարժվում, ինչպես մյուս ցույցերը, պարզ է»:
Ես հատուկ նշեցի ակցիայի կազմակերպիչների պահանջը, որպեսզի ընգծեմ այն փաստը, որ Բաղրամյան պողոտայում կային մարդիկ, ովքեր եկել էին՝ հոգու խորքում ունենալով ուկրաինական ցնցումների երազանքը:
Մայդանատենչները գոնե հավաքվածների տրամադրություններից պետք է տրամաբանեին, որ ակցիայի մասնակիցների նպատակը ոչ թե կիևյան բախումներ հրահրելն է, այլ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը:
Դե հասկանում ենք, որ որոշ մարդկանց շատ է պետք, որ Ազատության հրապարակը վերածվի «մայդանի», բայց, հավատացեք, սա այդ դեպքը չէ: Հուսով եմ՝ մոտ ապագայում նման վայրագությունների ականատես չենք լինի:
Վաչագան Գևորգյան՝ ֆեյսբուք
Լուսանկարը՝ Shamshyan. com