«Բարև Երևան» խմբակցության անդամներն իրենց վրդովմունքն են հայտնում Հայաստանում, մասնավորապես Երևանում սկիզբ առած հանրային շահի պաշտպանության խաղաղ զանգվածային միջոցառումների մասնակիցների, լրագրողների հանդեպ հունիսի 23-ի առավոտյան ոստիկանության անիրավաչափ գործողությունների կապակցությամբ:
Մենք դատապարտում ենք սեփական ժողովրդի հետ նման «երկխոսությունը» և վրդովմունք հայտնում նաև այն կապակցությամբ, որ Երևանի քաղաքապետարանը մասամբ իր գործողություններով, մասամբ էլ անգործությամբ նպաստել է այդ հունով իրավիճակի զարգացմանը: ՀՀ Ոստիկանությունը որքան էլ հրապարակավ ընդունել է զանգվածային միջոցառման խաղաղ բնույթը, իր գործողությունների համար հիմք է ընդունել նաև այն, որ քաղաքապետարանը խաղաղ, անզեն քաղաքացիներին իրենց և հանրության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար հատկացրել էր սահմանափակ տարածք և սահմանափակ ժամանակ՝ մինչև ժամը 23:00, այն դեպքում, երբ ոչ մի Սահմանադրություն կամ օրենք չի կարող սահմանափակել քաղաքացու իրավունքի իրացումը, քանի դեռ նրա օրինական շահերը վտանգված են:
«Բարև Երևան» խմբակցության անդամները անցած օրերին միասին կամ հերթափոխով, պարբերաբար այցելել են քաղաքացիական շարժման մասնակիցներին, ականատես լինելով դրանց խաղաղ բնույթին ոչ միայն ցերեկվա, այլ նաև գիշերվա ժամերին, այդ թվում հունիսի 23-ի լույս գիշերը: Մենք ցավով ենք արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանի այսպիսի գործելակերպը, պետական կառավարման այլ մարմինների անգործության, ոստիկանության անհամաչափ գործողությունների խորապատկերին իր դերակատարումն ունեցավ իրավիճակի նման հանգուցալուծման առումով: Այդ կապակցությամբ մեզ վրա ենք ընդունել մեր ժողովրդի բազում արդար հանդիմանություններ, թեպետ դրա համար պատասխանատվություն չենք կրել:
Այդքանի հետ մեկտեղ անհասկանալի է Երևանի ավագանու, որպես Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին, լռությունը, այն դեպքում երբ նա կոչված է պաշտպանել համայնքի շահը: Իսկ համայնքը երևանցին է, ով ընտրել է այս ավագանուն, և ում իրավունքների ու շահերի դեմ ոտնձգություն է իրականացվում:
Մենք կոչ ենք անում հունիսի 23-ին տեղի ունեցած ու այսօր էլ ծավալվող զարգացումների կապակցությամբ կա՛մ հրավիրել արտահերթ նիստ, կա՛մ ավագանու նիստի հաստատվող օրակարգում ներառել ու քննարկել հարց, թե մենք ինչպե՞ս կարող ենք կանխել իրավիճակի հետագա լարվածությունը, նպաստել խնդրի լուծմանն ու հանրային շահի իրացմանը:
Լուսանկերը՝ Photolur-ի