Չնայած Բաղրամյան պողոտայում շարունակվող ցույցին, հազարավոր մարդկանց պայքարին և տարբեր գործիչների կողմից հնչեցված հայտարարություններին, այնուամենայնիվ այսօր տեղի ունեցած Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «հնարավոր չէր չգնալ այդ քայլին»: Այս հարցի հետ կապված YerevanNews.am-ը կապ հաստատեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ, ով ասաց.
- Իմ դիրքորոշումը շատ հստակ և հայտնել եմ բազմիցս. նախ սակագինը պետք է լինի ավելի ցածր: Երկրորդ՝ պիտի հարուցվի քրեական գործ՝ գոնե էներգետիկայի նախարարի հայտարարության, չարաշահումների և գողության մասին, դեպքերի առթիվ: Երրորդ՝ պիտի անցկացվի միջազգային, անկախ թափանցիկ աուդիտ և վերջապես էլեկտրական ցանցերի հարցը դրվի գոնե մասնակի պետականացման նախագծի տակ: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է:
Պարոն Ուրիխանյանը նշեց, որ ինքը բնականաբար մասնակցում է կազմակերպված ցույցերին:
- Ցանկացած պարագայում և՛ իշխանությունը, և՛ մենաշնորհային արտասահման կազմակերպությունը պետք է ականջալուր լինեն ՀՀ քաղաքացիների, իսկ ես վստահ եմ, որ ոչ միայն այդ հազարավոր մարդիկ են Բաղրամյան պողոտայում ներկայացնում արդարացի պահանջը, այլև ամբողջ ազգաբնակչությունը, հետևաբար պետք է պարտադիր ականջալուր լինեն հայաստանցիների պահանջին:
Իսկ ինչպե՞ս կգնահատեք արտասահմանյան և մասնավորապես ռուսական լրատվամիջոցների անդրադարձերին, կապված հայաստանյան իրադարձությունների հետ: Հնարավո՞ր է իրավիճակն իսկապես այդքան սրվի:
- Գիտեք, փետրվարյան իրադարձություններից հետո ես Ազգային Ժողովում ելույթ ունեցա և ասացի, որ վիճակը երկրում այնպիսին է, որ սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք քաղաքական օրակարգ են թելադրում, այնպիսի սրությամբ են այլևս դրված, որ վաղ թե ուշ ժողովրդի զայրույթի ծայրահեղ արտահայտումից խուսափել չի լինելու: Դա պետք է հաշվի առնել, օր առաջ միջոցներ ձեռնարկել մարդկանց կենսամակարդակը բարելավելու և գոնե նվազագույն անհրաժեշտին հասցնելու համար:
Ինչ վերաբերում է արտասահմանյան լրատվամիջոցների շահարկումներին, ապա դրանք չափազանց անթույլատրելի են. արևմտյան շահարկումները և ուկրաինական ուղղորդումները, Արսեն Ավակովի քիթը խոթելը, մասնավորապես այս հարցերի մեջ, ռուսական լրատվամիջոցների և ընդհանրապես բոլոր շահարկումները այլ ուղղությամբ, մեղմ ասած, անթույլատրելի են և զարմանալի մեզ համար:
Խնդիրը պարզապես հետևյալն է՝ երկրում ոչ արդյունավետ կառավարում է տեղի ունենում, առաջին հերթին տնտեսական ու սոցիալական ոլորտներում, դրանից բխող չափազանց բարդ հետևանքներով հանդերձ: