Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ասացին, որ ցանկանում են հանդիպել, նրանք համաձայն են ինտենսիվացնել երկխոսությունը, և մենք պետք է օգնենք նրանց այդ հարցում: Այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ադրբեջանական Turan գործակալությանը:
Նա մասնավորապես ասել է. «Ես այստեղ եմ մյուս համանախագահների հետ: Մեզ հետ է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Ես եկել եմ Երևանից, որտեղ հանդիպել եմ Հայաստանի նախագահի ու արտգործնախարարի, նաև տարբեր խորհրդարանական հանձնաժողովների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նրանց թվում կային երիիտասարդներ, որոնք կապ չունեին կառավարության հետ: Գիտեք, ես կցանկանայի, որ այդ զրույցներին ներկա լինեն մարդիկ նաև Ադրբեջանից, քանի որ երիտասարդների զրույցներն էապես տարբերվում են այն հեռանկարից, որը ես լսել եմ ԱԳՆ-ում»:
Ուորլիքը նաև նշել է, որ եթե Բաքուն որոշի սկսել պատերազմ, ապա դա կլինի վատագույն տարբերակը: