«Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. նախորդ օրը տեղի է ունեցել «Ժառանգության» քաղխորհրդի նիստը: Երկուսուկես ժամ տևած նիստի ընթացքում, այնուհանդերձ, ներկաներից որևէ մեկը չի հասկացել, թե ինչ է մտադիր անել Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի իննին` իր ինաուգուրացիայի ժամանակ: Խոսվել է գրեթե ամեն ինչից, և, այնուհանդերձ, հարցը բաց է մնացել: Րաֆֆին ասել է, որ ինքը գիտի իր անելիքն ու սցենարը, սակայն ցանկանում է լսել կուսակիցների առաջարկները, ավելին` ասել է, որ կարող են գրել այդ օրվա իր ելույթը, միասին կքննարկեն: Այնուհետեւ անդրադարձ է եղել երեկվա միտինգին. Րաֆֆու կարծիքով, պետք է տասը հազար մարդ այդ միտինգին ներկա լինի, երեք հարյուր հազար մարդ` ինաուգուրացիայի օրը: Քննարկվել է նաև հարցը, թե ինքը պետք է գնա՞ Գյումրի ու գյումրեցիների հետ գա Երևան` ինաուգուրացիայի, թե՞ սպասի գյումրեցիներին Երևանում: Որոշվել է` Երևանում (Գյումրի կգնա Արմեն Մարտիրոյանը), որովհետև այդ օրը` ապրիլի յոթին, սկսվում է նաև Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, ու պետք է Րաֆֆին «տեղում» լինի: Րաֆֆին նաև իր զայրույթն է հայտնել` սեպարատ, Ազատության հրապարակում Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակին կազմակերպված մոմավառության ակցիայի առիթով. Րաֆֆին տեղեկացրել է, որ կազմակերպիչները զանգել են իրեն, ինքն ասել է. կարող ենք միասին` մեր միտինգի օրը դա կազմակերպել, սակայն «զանգողներն» առանձին են գնացել: Ի դեպ, ապրիլի ութին նախատեսված է «Ժառանգության» շտաբի հաջորդ նիստը, որի ժամանակ հաստատ Րաֆֆին կասի, թե ինչ է անելու ինաուգուրացիայի օրը` հաստատում են «Ժառանգության» ներկայացուցիչները:
Րաֆֆին ամեն ինչ կհստակեցնի արիլի 8-ին


