«Մեզ պառակտում պետք չէ, մեզ միասնություն է պետք»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:

«Կարծիքները շատ են, որ մենք բավարարված ենք Սերժ Սարգսյանի հայտարարությամբ, որ մենք հետ ենք քաշվել, որ մենք նահանջել են, ասեմ, չկա տենց բան. մենք չենք բավարարվել, մեր ոչ մի պահանջը լիարժեք չի կատարվել, հետևաբար մենք մեր պայքարը շարունակելու ենք թե՛ փողոցում, թե՛ իրավական հարթության մեջ: Մենք չենք հրաժարվել փողոցից: Մենք մեր թիմով գնալու ենք Բաղրամյան, կանգնելու ենք ժողովրդի կողքին, մենք փորձելու ենք միասին լուծումներ գտնել, սակայն ընդլայնելու ենք պայքարի եղանակը: Այսինքն, ոչ միայն փողոցում ենք պայքարելու, այլև տարբեր հարթություններում և շարունակելու ենք մինչև հասնենք մեր նպատակին»,- ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արտուշ Չիբուխչյանը: 

Իսկ  նախագահի կողմից առաջարկված աուդիտի մասով Սոֆյա Հովսեփյանն ասաց. «Շատ մասնագետներ այսօր կարծիք են հայտնում, որ աուդիտը, որպես այդպիսի ոչինչ էլ բացահայտել չի կարող: Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել և այսօր էլ ևս ունենալու ենք հանդիպում մասնագետների հետ: Վերջապես հասկանանք, եթե աուդիտ, ապա մեր դերը ո՞րն է այնտեղ, ի՞նչ լիազորություններ ենք ունենալու, արդյո՞ք մեզ ընդհամենը ընդգրկելու են միայն ցույց տալու համար, արդյո՞ք ընդհամենը լեգիտիմությունն ապահովելու համար է, թե՞ ռեալ խնդիրը տեսնելու և բարձրաձայնելու»: 

Նրանք հրաժարվեցին թվարկել մասնագետների անունները՝ իրենց իսկ խնդրանքով: 

«Աստված չանի իշխանությունները իմիտացիայի վերածեն աուդիտը, Աստված չանի խաբեություն տեղի ունենա, որովհետև արդեն ոչ միայն Բաղրամյանը, այլ հնարավոր է շատ այլ փողոցներ մի 3-4 տեղից փակենք: Այս պահին մենք սպասում ենք, որ ինչ-որ մի հատ լավ քայլ անեն ու չփորձվեն հանկարծ փչացնեն այն մթնոլորտը որ մի քիչ փոխվեց»: