«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հանդիպումը: ՌԴ վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցած ոչ պաշտոնական այդ հանդիպման քննարկման թեման եղել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետագա ճակատագրի հարցը:
Ի դեպ, երեկ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը վերջինիս ծննդյան տարեդարձի առիթով հեռախոսազրույց են ունեցել, կրկին քննարկվել է ՀԷՑ-ի շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակը: Իսկ ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ ՌԴ իշխանությունները որոշել են ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին պաշտոնանկ անել. նա, հավանաբար, Մոսկվայից Երևան այլևս չի վերադառնա որպես տնօրեն:
Բիբինի պաշտոնանկության մասին լուրի առնչությամբ ՀԷՑ-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ այն չի համապատասխանում իրականությանը, և որ իրենք երեկվա դրությամբ՝ մինչև ուշ երեկո, գլխավոր տնօրենի պաշտոնանկության մասին տեղեկություն չունեին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: