Վերջերս համացանցային դաշտը տիրեց կառավարության անդամների լուսանկարները, ինչը ակտիվ քննարկման առարկա դարձավ սոց. ցանցային հարթակում:

Ի տարբերություն լուսանկարվելուն՝ մեր հարգարժան հայտնիները չեն սիրում խոսել: (ֆոտոլրագրողներին սիրում են, լրագրողներին՝ ոչ):

Համացանցը մերթ ընդ մերթ ողողվում է Սերգո Կարապետյանի այս կամ այն ծառի մոտ արված լուսանկարներով: Բայց հակառակ ակտիվ նկարվելուն՝ գյուղնախարարը խուսափում է խոսելուց և լրագրողնորի հարցերին պատասխանելուց, երևի թե կարծելով, որ լուսանկարներում ամեն ինչ ասվում է:

Իսկ կառավարության նիստերում իր իսկ աշխատանքները ներկայացնելիս Սերգո Կարապետյանը ճարպկորեն փորձում է շրջանցել կարևորագույն խնդիրները կամ ներկայացված փաստարկները չեն համընկնում իրականության հետ:

Օրինակ՝ վերջերս Կառավարությունում գյուղնախարարը խոսելով անասնապահության մասին, փաստեց, որ անասնապահությունն աճել է 7.8 տոկոսով, ինչը անպատասխան է թողնում բազմաթիվ հարցեր: Եթե իսկապես կա նման աճ, ապա ինչու է մսամթերքը և կաթամթերքը թանկանում, այն դեպքում, երբ չի արտահանվում:

Ավելին՝ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները կաթնամթերքի թանկացումը պատաճառաբանում են կաթի գնի բարձրացումով, որն էլ կաթի պակասի պատճառով է ստեղծվում:

Այս ամենից ակնհայտ է, որ ՀՀ գյուղնախարարի ներկայացրած «ռոմանտիկ» ու «վարդագույն» պատկերը շատ հեռու է իրականությունից: Եվ չնկատել դա անհնար է: Պարզապես այս կամ այն մարզում հայտնվելով ու լուսանկարվելով խնդիրները չեն լուծվում:

Գյուղ նախարարից ոչնչով ետ չմնաց նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նա  վերջապես փորձեց գործունեություն ծավալել, բայց կրկին կցկտուր ու ոչ այնքան հավանական արդարացումներ տալով ծրագրի նպատակներին:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը առաջարկեց մի գաղափար, համաձայն որի 1 միլիոն սփյուռքահայ պետք է 1000 դոլարանոց հաշիվ բացի հայկական բանկերում, ինչը իր կարծիքով կտրուկ կզարգացնի մեր տնտեսությունը: Հետաքրքիր է սփյուռքահայը ի՞նչ համոզմամբ ու երաշխիքով պետք է հավատա ու ներդրում անի բանկերում: 

Բազմաթիվ կուտակված հարցերի մասին խոսելու, անդրադառնալու, անհանգիստ ու խուճապահար ժողովրդի կողքին կանգնելու և  լուծումներ առաջարկելու փոխարեն, Սփյուռքի նախարարը ետ չմնաց Գյուղ նախարարից նաև այս տարբերակում, հրապարակեց մի ֆոտոշարք, որը չնայած բազմաթիվ խնդիրներին՝ բարձացրեց հասարակության տրամադրությունը:

Հ.Գ Իսկ ում իմիջն է ավելի առավել ստացված և հաջողված, կարծիքը թողնում ենք ընթերցողին:

Անուշ Զոհրաբյան