ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան և դատախազության 97-րդ տարեդարձին: Նիստին մասնակցում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գ. Սահակյանը, ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը, Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը, ՏԿ և ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՀՀ ՊՆ Ս. Օհանյանը, ՀՔԾ պետ Վ. Շահինյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:
Առաջին անգամ դատախազության աշխատակցի օրվա պաշտոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ նախկին գլխավոր դատախազները:
Դատախազության աշխատողի օրվա առթիվ ՀՀ նախագահի ուղերձը ընթերցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնելով բոլոր դատախազներին և դատախազական համակարգի աշխատակիցներին ամբողջ ներուժով աշխատելու համար, մաղթեց, որ յուրաքանչյուր տարի այս օրը նշելիս դատախազական համակարգի յուրաքանչյուր աշխատող իր մեջ հպարտանալու առիթ ունենա՝ թե՛ իր կատարած աշխատանքի, թե՛ իր գործընկերոջ կատարած աշխատանքի համար:
ՀՀ գլխավոր դատախազը ընդգծեց, որ յուրաքանչյուր դատախազի պատասխանատու, ազնիվ եւ արդյունավետ աշխատանքը մեխանիկորեն հանգեցնում է ամբողջ համակարգի գործունեության արդյունավետությանը:
ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ դատախազության համակարգում ներդրված ավանդի համար ՀՀ գլխավոր դատախազի հրամանով հատուկ հուշանվերներով պարգեւատրվեցին ՀՀ նախկին գլխավոր դատախազներ Արտավազդ Գեւորգյանը, Սուրեն Օսիպյանը, Բորիս Նազարյանը, Արամ Թամազյանը եւ Աղվան Հովսեփյանը:
Մասնագիտական օրվա առթիվ ՀՀ գլխավոր դատախազի եւ պետական մյուս կառույցների ղեկավարների կողմից պարգեւների, շնորհակալագրերի, հուշանվերների արժանացան ՀՀ դատախազության մի շարք աշխատակիցներ:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով շնորհվեցին նաև արտահերթ դասային աստիճաններ, մեդալներ եւ կրծքանշաններ: