Նախօրեին բավական երկարատև քննարկում է տեղի ունեցել Թուրքիայի ԱԳՆ-ում` ամերիկացի և թուրք պաշտոնյաների միջև` թուրք-սիրիական սահմանին ստեղծված իրադրության, Մոսուլի ռազմագործողության ու մի շարք այլ հարցերի կապակցությամբ: Ամերիկյան կողմից քննարկմանը մասնակցել են ԱՄՆ նախագահ Օբամայի հատուկ ներկայացուցիչ Ջ. Ալենը և ԱՄՆ պաշտպանության նախարարության քարտուղար Ք. Ուորմութը:
Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարում Ինջիրլիքի ռազմաբազայի օգտագործման հարցը, ինչի հետ կապված թուրքական կողմը որոշ նախապայմաններ է առաջ քաշել:
Դրանցից մեկը վերաբերում է Ինջիրլիքի ռազմաբազայում ինքնաթիռների ու անօդաչու թռչող սարքերի գործողություններ իրականացնելուց առաջ համապատասխան կոորդինատները թուրքական կողմին փոխանցելուն, իսկ մյուսը` Սիրիայի հյուսիսում այսպես ասած «քրդական միջանցքի» ձևավորման կանխարգելմանը:
Թուրքիան ամեն կերպ ցանկանում է խափանել կամ իր վերահսկողության տակ վերցնել Եփրատից արևմուտք` Ջարաբլուս-Ազեզ հատվածը` քրդական միջանցքի կապող գիծը չեզոքացնելու համար: Սրան է միտված Թուրքիայի կողմից «անվտանգության գոտու» ստեղծման վերաբերյալ արվող հաճախակի պնդումները: Սակայն այս հանդիպմանն էլ, ըստ թուրքական մամուլի, ամերիկյան կողմը կրկին հավանություն չի տվել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից «անվտանգության գոտու» ստեղծման առաջարկին:
Լևոն Հովսեփյան՝ ֆեյսբուք